Կարևոր իրադարձություններ

Արա Զոհրաբյանը մտահոգ է Ամուլսարի ծրագրի խնդրով

07 Սեպտեմբեր, 2018 00:06
Արա Զոհրաբյանը մտահոգ է Ամուլսարի ծրագրի խնդրով

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Մտահոգիչ հարցեր Ամուլսարի ծրագրի վերաբերյալ

Ամուլսարի ոսկու հանքավայրը Հայաստանում ոսկու խոշոր հանքերից միակն է, որը գտնվում է՝

– Հայաստանի կենտրոնական հատվածում (մյուս խոշոր հանքավայրերը գտնվում են սահմանամերձ տարածքներում),

– Հայաստանի երկու խոշոր գետերի՝ Արփա և Որոտան գետերի, ակունքային գոտում (Արփա-Սևան թունելի միջոցով ջուրը տեղափոխվում է նաև Սևանա լիճ),

– Հայաստանի կարևորագույն հիդրոէներգետիկ կառույցներից մեկի՝ Որոտանի հիդրոէլեկտրակայանների համակարգի մասը կազմող Սպանդարյան-Կեչուտ ջրատար թունելի վրա:

Յուրաքանչյուր իրազեկ և գիտակից քաղաքացու կհետաքրքրի այն հարցը, թե Ամուլսարի հանքարդյունահանման ծրագրի իրագործումը կարող է արդյո՞ք բացասական և անդառնալի հետևանքներ առաջացնել: Կարող է արդյո՞ք, մեր անտարբերության հետևանքով տուժեն մեր սերունդները:

Այս առումով, ողջունելի է իրականությունը պարզելուն ուղղված գործադիր իշխանության նախաձեռնությունը:

Կարծում եմ, պետք է պարզել՝
– «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերությանը Ամուլսարի մասով հանքարդյունահանման թույլտվություն տրամադրելու գործընթացում օրինականության պահպանման (այդ թվում՝ կոռուպցիոն ազդեցությունների բացակայության) հարցը.

– Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման արդյունքում Հայաստանի ազգային հարստություն համարվող Ջերմուկի հանքային ջրերի վրա ազդեցություն ունենալու հարցը.

– Արփա և Որոտան գետերի (արդյունքում նաև Սևանա լճի) վրա ազդեցություն ունենալու հարցը.

– Սպանդարյան-Կեչուտ ջրատար թունելի՝ և՛ որպես հիդրոտեխնիկական կառույցի և՛ որպես ջրատարի, վրա ազդեցություն ունենալու հարցը.

– հանքավայրի փոշու տարածման հարցը, մասնավորապես փոշու տարածման հնարավոր հեռավորությունը և դրա ազդեցությունը մարդու և էկոհամակարգի վրա:

Ձևավորված փաստաբանների խումբը դեռ կատարում է իր ուսումնասիրությունը, որի արդյունքները կհրապարակվեն»:

 

Լրահոս

Դիտել ավելին