Կարևոր իրադարձություններ

«Եթե չընտրեք այսինչին, ուրեմն՝ այսինչի տղա եք, սա կարծի՞ք է, թե՞ մտքի տեռոր». Նաիրա Զոհրաբյան

06 Սեպտեմբեր, 2018 13:33
«Եթե   չընտրեք այսինչին, ուրեմն՝ այսինչի տղա եք, սա կարծի՞ք է, թե՞ մտքի տեռոր». Նաիրա Զոհրաբյան

«Ես երկու ձեռքով պաշտպանում եմ այս նախագիծը, որովհետև որպես նաև նախկին լրագրող, տարիներ շարունակ տեսել եմ, թե ինչպես է  մեր երկրում այլանդակվել ընտրությունը, տեսել եմ, թե ինչպես է մեր քաղաքացին ընտրել մեկին, բայց ընտրությունների արդյունքում ձևակերպվել է մեկ այլ հաղթող»,- այսօր խորհրդարանում նման տեսակետ հայտնեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ Հիշեցնենք, որ ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին և երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը։

Զոհրաբյանի խոսքով՝ սանկցիաները գուցե խիստ են, բայց ըստ նրա՝ ստիպված են գնալ որոշ ընտրակեղծարարության տեսակներ վարչական տիրույթից Քրեական օրենսգիրք փոխանցելու ճանապարհով. «Իհարկե, հաշվի առնելով նաև այն մտահոգությունները, որոնք հնչեցրել են իմ գործընկերները։ Մեր խմբակցությունը կողմ է քվեարկելու, բայց արդյո՞ք վստահ ենք, որ սրանով լուծելու ենք ստրկամիտ այն պաշտոնյաների հարցը, որոնցից մեկը երեկ ինձ ասում էր, որ հրահանգի են սպասում, որ հասկանան, թե ում են պաշտպանելու Երևանի ավագանու ընտրություններում։ Այդ ստրկամիտները չեն փոխվելու, որովհետև ամբողջ կյանքում այդ մարդիկ ստրուկ են եղել, ամբողջ կյանքում աշխատել են կառավարությունից կամ նախագահականից եկած զանգով, որ իրենց հրահանգեն, թե իրենց ենթականերին իրենք ինչ հրահանգներ տան։ Ես հիմա չեմ հնչեցնում այդ շատ բարձր պաշտոնյայի անունը»։
 

Դիմելով արդարադատության փոխնախարարին՝ նա ասաց, որ եթե նման հարցերը չլուծվեն, ապա որևէ քրեականացում, անգամ մահապատիժը շատ դեպքերում չի փրկելու։

«Ես ուրախ եմ, որ պատրաստվում է նախագիծ, և քննարկում եք սոցիալական տիրույթներում այս ագրեսիայի և ատելության հարցը։ Ես հասկանում եմ, որ յուրաքանչյուր ոք ունի սեփական կարծիքի իրավունք, բայց եթե ոմն մեկը գրում է, որ եթե չընտրեք այսինչին, ուրեմն՝ այսինչի տղա եք, սա կարծի՞ք է, թե՞ մտքի տեռոր։ Նման մտքի տեռորի, սոցիալական ցանցերում ատելության այս հաղթարշավի դեմ մենք ի՞նչ կերպ պետք է պայքարենք։ Ես դեմ եմ վիրավորանքը քրեականացնելու, որովհետև մենք ԵԽ անդամ ենք, ունենք հստակ պարտավորություններ, բայց մտքի տեռորն ինչ-որ լուծում պետք է ստանա՞, թե՞ ոչ, դա նույնպես խանգարում է ընտրական պրոցեսին»։

 

Լրահոս

Դիտել ավելին