Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    481
    484

  • EUR

    560
    568

  • RUB

    7,09
    7,34

Կարևոր իրադարձություններ

Քոչարյանի փաստաբանական խումբը նոր հայտարարությամբ է հանդես եկել

06 Սեպտեմբեր, 2018 11:42
Քոչարյանի փաստաբանական խումբը նոր հայտարարությամբ է հանդես եկել

ՀՀ երկրորդ նախագահ, «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբը արձագանքել է ՀՔԾ պարզաբանմանը՝ կապված Քոչարյանի անձնագիրը վարույթ իրականացնող մարմնում պահելու իրավաչափ լինելու հարցի հետ։

Քոչարյանի փաստաբանական խմբի արձագանքն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև։

«ՀՀ հատուկ քննչական ծառայությունը՝ 2008 թվականի մարտի 1-ի և 2-ի դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործով Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների հրապարակային հայտարարություններին հրատապ արձագանքել է ՀՔԾ պաշտոնական կայքի 05.09.2018. պարզաբանում վերտառությամբ հրապարակումով։

Ինչպես և նախկինում, հատուկ քննչական ծառայությունը /նշվածը չի վերաբերում ծառայության ամբողջ անձնակազմին, այլ միայն գործով որոշումներ կայացնելու իրավասություն ունեցող և հրապարակային հայտարարություններ կատարող անձանց/, «մասնագիտական բարձունքից» նախատինքի խոսքեր է հնչեցնում ոչ կոմպետենտության, փաստեր խեղաթյուրելու, հասարակությանը մոլորեցնելու վերաբերյալ, մինչդեռ դա կատարվում է այնպիսի փաստերի շարադրմամբ, որոնք ինքնին վկայում են այդպիսի մեղադրանքները հենց հատուկ քննչական ծառայությանը հասցեագրելու անհրաժեշտությունը:

Ներկայացված հարցադրման և ելույթի ամբողջական բովանդակությունից, փաստաբանի խոսքից մեկ հատված ներկայացնելը, այնուհետև դա ջանասիրաբար հերքելը, այն դեպքում, երբ այդ խոսքը ուղղված էր ոչ թե մասնագիտական շրջանակներին, այլ լայն հանրությանը, և նպատակ ուներ իրողությունը և որոշումները հանրության համար հնարավորին մատչելի եղանակով ներկայացնելու, չի վկայելու հատուկ քննչական ծառայության ենթադրյալ մասնագիտական ունակությունների մասին, որովհետև ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը հասանելի է ամբողջ հասարակությանը (որոշման դետալները և ամբողջ տեքստին հղումը բերված են ստորև): Անհրաժեշտություն է առաջանում «կոմպետենտ» անձանց պարզաբանել նաև, որ ՀՀ սահմանադրական դատարանի հիշյալ որոշումը կազմված չէ միայն եզրափակիչ հատվածից, այն ներառում է նաև դիմումի համառոտ բովանդակությունը, դատարանի հետազոտած փաստական և իրավական հանգամանքները, դատարանի իրավական դիրքորոշումները, որոնց նույնպես անհրաժեշտ է քաջատեղյակ լինել:


Ներկայացնում ենք որոշման հիմնական դրույթները /ինչքանով որ վերաբերելի են քննարկվող հարցին/:

- ՀՀ Սահմանադրական դատարանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա 2017 թվականի ապրիլի 4-ին կայացրել է թիվ ՍԴՈ-1360 որոշումը:

- Ներկայացված դիմումով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը խնդրել է որոշել «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետությունում անձնագրային համակարգի կանոնադրության 19-րդ կետի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխա­նության հարցը:

- Պատասխանողը /ՀՀ Ազգային ժողովը/ դիրքորոշում է հայտնել, որ «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի հիման վրա «ձևավորված իրավակիրառ պրակտիկան այնքանով, որքանով չի ապահովում խափանման միջոցի վերացման դեպքում անձնագրերի անմիջապես վերադարձ դրանց տերերին, <…> հակասում է ՀՀ Սահմանադրության պահանջներին» (որոշման 3-րդ կետի վերջին պարբերություն):

- «Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ անձնագիրը կասկածյալից կամ մեղադրյալից կարող է վերցվել բացառապես խափանման միջոցի կիրառման դեպքում» (որոշման 7-րդ կետի նախավերջին պարբերություն):

- «ՀՀ սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարել նաև շեշտել, որ խափանման միջոցի վերացման պահին անձի անձնագիրը ենթակա է անհապաղ վերադարձման: Ձևավորված պրակտիկան, երբ անձի անձնագիրը պահվում է իրավասու մարմնի մոտ «ստորագրություն` չհեռանալու մասին» խափանման միջոցը վերացնելու դեպքում, խախտում է ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված՝ անձի ազատ տեղաշարժվելու իրավունքը: Այս առնչությամբ ՀՀ Ազգային ժողովը ևս իր գրավոր բացատրության մեջ նշել է, որ «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի հիման վրա ձևավորված իրավակիրառ պրակտիկան այնքանով, որքանով չի ապահովում խափանման միջոցի վերացման դեպքում անձնագրերի անմիջապես վերադարձ դրանց տերերին, հակասում է ՀՀ Սահմանադրության պահանջներին»: (որոշման 7-րդ կետի վերջին պարբերություն):

- Սահմանադրական դատարանը որոշել է՝ «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի՝ «Կասկածյալի կամ մեղադրյալի անձնագիրը ժամանակավորապես վերցնում է հետաքննության կամ նախաքննության մարմինը» և «Կասկածյալի և մեղադրյալի անձնագիրը պահվում է վարույթ իրականացնող պաշտոնատար անձանց մոտ և վերադարձվում է հարուցված քրեական հետապնդումը դադարեցվելուց հետո անմիջապես» դրույթները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը սահմանադրաիրավական այնպիսի բովանդակության շրջանակներում, համաձայն որի` հետաքննության կամ նախաքննության մարմինը կասկածյալի կամ մեղադրյալի անձնագիրը ժամանակավորապես կարող է վերցնել բացառապես կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց (ստորագրություն չհեռանալու մասին կամ կալանք) կիրառելու մասին որոշման առկայության պայմաններում: (որոշման եզրափակիչ մասի 1-ին կետ)

Որոշմանը ամբողջությամբ կարելի է ծանոթանալ այստեղ՝ կարճ կամ ամբողջական հղումով:

Ընդունում ենք, որ արված հայտարարությունը ձևական առումով չի համապատասխանում ՀՀ սահմանադրական դատարանի որոշման եզրափակիչ մասին, այսինքն՝ օրենքի նորմը ինքնին չի ճանաչվել ՀՀ Սահմանադրությանը հակասող, եթե դրան չի տրվում այլ մեկնաբանություն, քան նշվել է ՀՀ սահմանադրական դատարանի կողմից:

Միևնույն ժամանակ, վերանայելով փաստաբանի ելույթն ամբողջությամբ՝ պարզ է, որ օրենքի նշված դրույթի՝ սահմանադրությանը հակասելու վերաբերյալ դիրքորոշումը հայտնվել է հենց նշված նորմին՝ իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության մասով: Նշվել է, որ Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ անձի անձնագիրը չի կարող պահվել քննչական մարմնի մոտ, եթե առկա չէ համապատասխան խափանման միջոց: Արամ Օրբելյանն իր խոսքը կառուցել է պարզ, հանրությանը հասկանալի ձևակերպումներով, պահպանելով ՍԴ որոշման բովանդակային էությունն՝ առանց ներկայացնելու բարդ և իրավաբանական տերմիններով հագեցած տեքստը։ Եթե ՀՀ սահմանադրական դատարանը արտահայտում է դիրքորոշում, որ օրենքի դրույթը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը՝ սակայն կոնկրետ մեկնաբանությամբ, ապա տարբերվող մեկնաբանությունը հակասում է ՀՀ Սահմանադրությանը (ինչի մասին ուղղակի մի շարք նշումներ կան հենց որոշման մեկնաբանական մասում):

Շնորհակալություն ենք հայտնում ՀՀ հատուկ քննչական ծառայությանը, որ հրապարակային հայտարարությամբ ընդունել են ՀՀ սահմանադրական դատարանի որոշմանը քաջատեղյակ լինելը, ինչն ապագայում կբացառի ոչ իրավաչափ գործողություններ կատարելը՝ մասնագիտական անփութությամբ պատճառաբանելու հնարավորությունը: Նշված որոշման լույսի ներքո ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի օգոստոսի 13-ի որոշումից հետո մինչև սեպտեմբերի 5-ը, երբ ՀՔԾ-ն նոր խափանման միջոց ընտրեց, Ռոբերտ Քոչարյանի անձնագիրը չէր կարող իրավաչափ կերպով պահվել ՀՔԾ-ում»:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին