Կարևոր իրադարձություններ

Տիգրան Մուկուչյանն ահուսարսափի մեջ սպասում է իր պաշտոնանկությունը, դրա համար էլ լռում է․ «Հրապարակ»

06 Սեպտեմբեր, 2018 08:30
Տիգրան Մուկուչյանն ահուսարսափի մեջ սպասում է իր պաշտոնանկությունը, դրա համար էլ լռում է․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում  է

«Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի մեկնարկը կտրվի սեպտեմբերի 10-ին, կտեւի մինչեւ 21-ը՝ ընդամենը 11 օր, ինչը շատ քիչ է ընտրողին պատշաճ ներկայանալու, ծրագրեր ներկայացնելու, Երեւանի բոլոր համայնքներում հանդիպումներ կազմակերպելու, առհասարակ՝ քարոզչություն իրականացնելու համար։ Թերեւս նաեւ դա է պատճառը, որ ընտրություններին մասնակցող ուժերն արդեն իսկ սկսել են անթաքույց քարոզարշավը, չնայած դա օրենքի կոպտագույն խախտում է։ Ճիշտ է՝ ահուսարսափի մեջ իր պաշտոնանկությանը սպասող ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հավատացնում է, որ խախտում չկա, բայց պարզից պարզ է, որ մինչ քարոզարշավի սկիզբը քարոզչություն անել չի կարելի։ Օրենքի այս խախտումը նորմալ երկրում բավական կլիներ, որ մրցակիցներից մեկի պահանջով չեղյալ արվեին ընտրությունների արդյունքները։ Հիշեցնենք, որ ժամանակին, երբ ՀՀԿ-ն քարոզարշավը սկսելուց մի քանի օր առաջ քաղաքում պաստառներ փակցրեց՝ Կարեն Կարապետյանի եւ ՀՀԿ ցուցակի մյուս առաջատարների նկարներով, մամուլը եւ հասարակությունը մեծ աղմուկ բարձրացրին, որ օրենք է խախտվել։ Իհարկե, այն ժամանակ էլ ԿԸՀ-ն չարձագանքեց դրան, քանզի այս հանձնաժողովը երբեք իշխանական կամքին դեմ քայլ չի արել, բայց այս ֆալստարտերն օրինական համարելն առնվազն ծիծաղելի է։ Փոխարենը ԿԸՀ-ն ժամանակին օրենքի խախտում դիտեց, օրինակ, Վանիկ Ասատրյանի պաստառը Սպիտակում, որտեղ պատգամավորության թեկնածուն ոգեւորվել եւ խախտել էր պաստառի թույլատրելի չափերը։ Առհասարակ, ընտրությունների օրինականությանը հետեւելն իշխանության պարտականությունն է, բայց երբ այդ գործի համար ստեղծված գլխավոր հանձնաժողովը կրավորական դիրք է բռնում եւ դիտորդի նման հետեւում, թե ինչպես են օրենքը խախտում, դա ոչ մի լավ բանի չի կարող հանգեցնել»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին