Կարևոր իրադարձություններ

Գործարարի հարազատները պահանջում են քրեական գործ հարուցել

05 Սեպտեմբեր, 2018 17:54
Գործարարի հարազատները պահանջում են քրեական գործ հարուցել

Հայ գործարար, բարերար, «Սոբեսեդնիկ» հրատարակչատան տնօրենների խորհրդի նախկին նախագահ Լևոն Հայրապետյանի հարազատները պահանջում են, որ Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն նրա սպանության վերաբերյալ գործ հարուցի:

Ինչպես հայտնում է m.rosbalt.ru-ն, նրանք ենթադրում են, որ գործարարին թունավորել են: Հատկանշական է, որ Հայրապետյանը մահից մի քանի ժամ առաջ նույնն ասել էր հարազատներին:

Աղբյուրը նկատում է, որ Հայրապետյանին սպանելու պատճառներ միանշանակ եղել են, քանի որ նա շատ հարուստ էր և ուներ մոտ 1 մլրդ դոլարի կարողություն: Սակայն բանտում հայտնվելուց հետո նրա ակտիվների մեծ մասն անհայտ պայմաններում վաճառվել է:

Հայրապետյանի դստեր փաստաբան Կարեն Ներսիսյանի պատմելով՝ գործարարը ցանկանում էր հնարավորինս շուտ դուրս գալ բանտից ու պարզել կատարվածի մանրամասները, սակայն ազատ արձակվելուց մի քանի օր առաջ մահացել է:

Ենթադրյալ ազատ արձակումից մի քանի օր առաջ երկու անհայտ տղամարդ Հայրապետյանին բժշկական ծանրոց են փոխանցել: Դրանում եղած հաբերն ընդունելուց հետո գործարարի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է: Այնուհետև նրան բուժզննման են տարել, և բուժքույրը գործարարին ինչ-որ լուծույթ է տվել, որը խմելուց հետո գործարարն ավելի է թուլացել:

Ավեի ուշ բանտախցում Հայրապետյանն ուշագնաց է եղել: Գիտակցության գալուց հետո նա զանգահարել է եղբորն ու ընկերոջն ու ասել. «Ինձ թունավորել են, մինչև առավոտ չեմ ապրի: Առանց դիահերձման ինձ չհուղարկավորեք»:

Այժմ Հայրապետյանի հարազատները պահանջում են, որ դիահերձման արդյունքում օրգանիզմից հանված օրգանները, որոնք դեռևս պահվում են, նորից անալիզի ենթարկվեն՝ այս անգամ արդեն Մոսկվայում, որպեսզի հնարավոր լինի պարզել մահվան պատճառը:

Հիշեցնենք, որ Լևոն Հայրապետյանը մահացել է 2017թ. հոկտեմբերի 18-ին՝ անազատության մեջ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին