Կարևոր իրադարձություններ

Ի՞նչ է պատմել Արման Մկրտումյանը ավազակային հարձակման դեպքից․ «Ժողովուրդ»

05 Սեպտեմբեր, 2018 12:15
Ի՞նչ է պատմել Արման Մկրտումյանը ավազակային հարձակման դեպքից․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Իրավապահները Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանին եւ նրա որդուն` Գոռ Մկրտումյանին, հրավիրել են հարցաքննության: Ըստ մեզ հասած տեղեկությունների` հայր եւ որդի ցուցմունք են տվել` պատմելով, թե ինչպես է տեղի ունեցել ամեն ինչ: Մասնավորապես ինչպես են տեսախցիկներով տեսել, թե տան ուղղությամբ կոնկրետ մարդիկ են գալիս, որից հետո դուրս են եկել բակ եւ սկսվել են դիմադրել տուն ներխուժած անձանց: Ավելին` վերջիններս ցուցմունք են տվել, որ ավազակային հարձակում իրականացրած անձինք իրենց որեւէ պահանջ չեն ներկայացրել: Իրավապահները վերջիններից հետաքրքրվել են, թե ինչ կասկածներ ունեն ավազակային հարձակման մասով, նրանք ցուցմունք են տվել` նշելով, որ որեւէ կասկած չունեն որեւէ մեկի նկատմամբ, եւ կատարվածը ոչ պրոֆեսիոնալ անձանց քայլ է եղել: Ավելին` մեզ հայտնի դարձավ, որ իրավապահները նրանց անգամ հարցրել են, թե ավազակային հարձակում իրականացրած անձանցից մեկը ԱԺ նախկին պատգամավորի թիկնապահ է եղել, ի պատասխան` Արման Մկրտումյանը հայտնել է, որ չի հավատում այդ տեղեկություններին, եւ նման բան չի կարող լինել:

Հիշեցնենք, որ օգոստոսի 28-ին` երեկոյան ժամը 23:40-ի սահմաններում, կրակոցներ էին հնչել ՀՀ Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի` Կոտայքի մարզի Ձորաղբյուրում գտնվող առանձնատան վրա: 3 անձինք զինված հարձակում էին գործել, սակայն դատարանի նախկին նախագահին եւ նրա որդուն հաջողվել էր վնասազերծել նրանցից մեկին, իսկ մյուս երկուսը փախուստի էին դիմել: Ավելի ուշ իրավապահները հայտնեցին, որ վնասազերծված անձը Գյումրի քաղաքի բնակիչ, 42-ամյա Հովհաննես Ռիժենկոն է, որպես մեղադրյալ ներգրավված երկրորդ անձը 49-ամյա Գագիկ Ղեւոնդյանն է, որի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել, եւ նրան հայտնաբերել են Վրաստանում, իսկ այժմ իրավապահները Վրաստանի հետ քննարկում են նրա արտահանձնման հարցը: Նշենք, որ, ըստ մամուլի հրապարակումների, Վրաստանում հայտնաբերված անձը երկար տարիներ աշխատել է որպես Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Յուվեցի Կարո մականվամբ Կարո Կարապետյանի թիկնապահ: Իսկ ահա երրորդ անձը 1985 թվականին ծնված Մայիս Մկրտչյանն է, որը ծառայում էր ՀՀ ոստիկանությունում, կոչումով ավագ»: 



 

Լրահոս

Դիտել ավելին