Կարևոր իրադարձություններ

«Հայաստանի ընդամենը մեկ քայլ և Ալիևի վարկը Ադրբեջանում կբարձրանա»

05 Սեպտեմբեր, 2018 11:20
Հեղինակ՝ Ստեփան Դանիելյան
«Հայաստանի ընդամենը մեկ քայլ և Ալիևի վարկը Ադրբեջանում կբարձրանա»

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Եթե Պուտինի հետ հանդիպումից հետո Հայաստանը համաձայնվի կողմ քվեարկել Ադրբեջանին ՀԱՊՔ-ում դիտորդի կարգավիճակ տալուն, դա Հայաստանի միջազգային վարկի համար ծանրագույն հարված կլինի։

Պատճառները․

1. արտգործնախարարության ներկացուցչի հայտարարությունից հետո նման քայլը միջազգային հարթակներում կդիտարկվի, որ Հայաստանի պաշտոնական խոսքը զրոյական արժեք ունի,

2. դա կիջեցնի Հայաստանի միջազգային վարկը, որպես երկիր, որը ի վիճակի չէ իր շահերը պաշտպանել անգամ ազգային անվտանգության ոլորտում,

3. դա ՀԱՊՔ-ում կիջեցնի Հայաստանի վարկը և մյուս անդամ երկրների համար նշան կլինի, որ Հայաստանի հետ արհամարհական լեզվով է պետք խոսել,

4. Ալիևի վարկը Ադրբեջանում կբարձրանա, որը բավականին իջել էր հայկական հեղափոխությունից հետո, կասի տեսեք, հեղափոխությունն որքան է իջեցնում երկրի վարկը, ավելի լավ է ուժեղ ղեկավար ունենալ։

Խորհուրդ, եթե պաշտոնական խոսք է ասվում, ապա պետք է մի քանի անգամ դա կշռել, նոր ասել, որ չլինի Շանթի դեպքի նման, երբ առաջին դեմքը մարդուն քաղբանտարկյալ է ճանաչում, հետո ասում, որ թող ինքն իր հարցերը լուծի, դա մեզ չի վերաբերվում։ Այնինչ "քաղբանտարկյալ" լինելը ոչ թե քաղբանտարկյալի պրոբլեմն է, այլ երկրի միջազգային պարտավորությունը։

Պետք է հասկանալ, որ խոսքը արժեք ունի և եթե երկրի ներսում կարելի է այն բազմաթիվ անգամ փոխել, ապա արտաքին հարթակներում խոսք փոխելը հարված է երկրին։

P.S. Եթե մի երկրի ղեկավար, որը Հռոմի պապի հետ պաշտոնական հանդիպման ժամանակ մի քանի ժամ սպասեցնել է տալիս, զանգում է քո երկրի նախկին նախագահին, որը քրեական հետապնդման է ենթարկվում ու շնորհավորում ծնունդը ու ամենապաշտոնական կայքում դրա մասին տեղեկատվություն տարածում, ապա դա համարել որպես անձնական հարաբերություններ, նույնպես մարդկանց հիմարացնելու փորձ է։ Դա նույնպես սեփական խոսքն ու մարդկանց, ում ուղղված է այդ խոսքը,
չհարգելու օրինակ է»։


 

Լրահոս

Դիտել ավելին