Կարևոր իրադարձություններ

Նաիրա Զոհրաբյանը Մարությանին համարում է անփորձ թեկնածու

04 Սեպտեմբեր, 2018 16:29
Նաիրա Զոհրաբյանը Մարությանին համարում է անփորձ թեկնածու

Նաիրա Զոհրաբյանն այսօր անդրադարձել է Հայկ Մարությանի հայտարարությանը` սևերի և սպիտակների բաժանելու վերաբերյալ, ինչպես նաև «մեր թիմի դեմ խաղ» չկա արտահայտությանը:

«Մեր երկրում չեն կարող լինել սև կամ սպիտակ, մեր երկրում չեն կարող լինել իմ կամ քո, մեր երկրում չի կարելի հասարակությունը բաժանել բարիկադների, և, ի վերջո, ժողովրդի անունից իրավունք ունի խոսել միայն ժողովուրդը, և նա խոսում է միայն մեկ ձևով`ընտրության ձևով»,-ասաց նա և նշեց, որ հենց Մարությանն է արձանագրել, որ վրիպակ և սխալ ձևակերպում է եղել:

Նա կոչ արեց լինել ներողամիտ: « «Մեր դեմ խաղ չկա» և նման  արտահայտություններ լսել ենք 90-ական թվականներից, և դրանք են, որ երկիրը տարել են փակուղի: Բայց եկեք լինենք մի քիչ ներողամիտ, թեկնածուն անփորձ է»,-ասաց նա:



Նա նշեց, որ դիմում է և առաջարկում բոլոր թեկնածուներին սեպտեմբերի 21-ին` Անկախության օրը և քարոզարշավի վերջին օրը, միասնական կոչով ուղերձով դիմել երևանցուն: «Որ երևանցին տեսնի, որ ոչ թե հակառակորդներ են, այլ քաղաքական գործիչներ են, որոնցից յուրաքանչյուրն ունի Երևանը այս վիճակից հանելու, Երևանի զարգացման իր տեսլականը»,-ասաց նա և նշեց, որ պետք է 21-րդ դարի համար բաց լինենք, շատ գործ կա անելու:

 

Լրահոս

Դիտել ավելին