Կարևոր իրադարձություններ

Տրանսպորտի նախարար Հյուսիս- Հարավ-ի շինարարական աշխատանքները կարող են տևել ևս 10 – 12 տարի

04 Սեպտեմբեր, 2018 12:57
Տրանսպորտի նախարար Հյուսիս- Հարավ-ի շինարարական աշխատանքները կարող են տևել ևս 10 – 12 տարի

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի աշխատանքները պետք է շարունակվեն, նախատեսվում է, որ Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածը վճարովի է լինելու բոլորի համար։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 4-ին, 100 օրվա գործունեությունը ամփոփող ասուլիսին հայտարարեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը։

Հարցին, թե երբ է նախատեսվում ավարտին հասցնել ճանապարհի շինարարությունը, նախարարը պատասխանեց․ «Հնարավոր է՝ այդ ճանապարհն ավարտվի 5 տարում, հնարավոր է 10-12 տարում։ Սա կախված է միջազգային ֆինանսավորումից, մեր աշխատանքի տեմպերից։ Բայց պետք է շարունակենք շինարարությունը, դադարեցնելը կլինի ամենավատ լուծումը»։

Աշոտ Հակոբյանը հաստատում է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախկին նախարար Վահան Մարտիրոսյանի հայտարարությունները, որ ճանապարհի որոշ հատվածներ, մասնավորապես, Սիսիան-Քաջարան հատվածը պետք է վճարովի լինի։

«Մենք հակված ենք, որ ճանապարհը պետք է լինի վճարովի։ Վճարովի է լինելու բոլորի համար՝ և՛ օտարերկրացիների, և՛ տեղացիների համար»,- ասաց Աշոտ Հակոբյանը։

Նախարարը հայտնեց, որ Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի 2 տրանշում ամբողջությամբ ավարտվել է հողերի օտարման և տարաբնակեցման ծրագիրը։ 2-րդ տրանշում կառուցվել է 6․5 կմ բետոնային պատվածք։ Տրանշ 3-ում ևս գրեթե ամբողջությամբ ավարտվել է օտարման և տարաբնակեցման ծրագիրը, բացառությամբ Ազատան-Բենիամին 6 կմ հատվածը։

Շարունակվում է նաև 2018 թ․ պետական բյուջեի միջոցներով իրականացվող պետական նշանակության ավտոճանապարհների 26 հատվածների հիմնանորոգումը, կատարվել է նախատեսված աշխատանքների 69․4 %-ը, ավարտվել են 7 շինարարական օբյեկտների աշխատանքները։

 

 

Լրահոս

Դիտել ավելին