Կարևոր իրադարձություններ

ԲՀԿ-ի թիմը պատրաստ է ամեն ջանք ներդնել՝Երևանը լավագույն մայրաքաղաք դարձնելու համար. «Փաստ»

04 Սեպտեմբեր, 2018 08:31
ԲՀԿ-ի թիմը պատրաստ է ամեն ջանք ներդնել՝Երևանը լավագույն մայրաքաղաք դարձնելու համար. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Ինչքան մոտենում է Երևանի ավագանու ընտրության քարոզարշավը սկսելու ժամանակը, այնքան կրքերը բորբոքվում են, բայց, անկախ ամեն ինչից, Ն. Փաշինյանին վարչապետ դառնալուն 30 % ձայն ապահոված ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը իր կուսակիցներին հորդորել է զերծ մնալ կոնֆլիկտներից: 

ԲՀԿ ավագանու ցուցակի առաջին եռյակից՝ բնիկ երևանցի Արման Աբովյանը, անդրադառնալով վերջին օրերին տարբեր կուսակցությունների ընտրազանգվածների միջև որոշակի լարվածությանը, Facebook սոցիալական ցանցի իր միկրոբլոգում գրել է. 

«Ծառուկյանի և իր թիմի համար հիմնական ուղեցույց է եղել ոչ կոնֆլիկտային կամ կոնֆրոնտացիոն դիրքորոշումը, և պետք է հենց այդ անկյունի տակ դիտարկել ԲՀԿ-ի քաղաքական գործունեության իմաստը։ Մենք այսօր ունենք հասարակության զանգվածների սրընթաց բևեռացման տենդենց: Եվ հաշվի առնելով բարդ ներքին իրավիճակն ու բարդագույն աշխարհաքաղաքական դրությունը մեր սահմանների շուրջ, հասկանալի է դառնում, որ այն ուժը, որը հանդես է գալիս ծանրակշիռ սոցիալ-տնտեսական ծրագրերով, հենց ինքն է դառնում առողջ ուժերի համախմբման կենտրոն։ Եվ վերջում ավելացնեմ մի կարևոր դիտարկում։ Այսօր շատ է խոսվում, թե քաղաքապետի ընտրություններին արդեն իսկ պարզ է, թե ով է ֆավորիտ թեկնածուն։ Այդ միտքը օրեցօր մեխվում է հասարակ մահկանացուների ենթագիտակցության մեջ։ Փաստացի մենք տեսնում ենք անառողջ նախընտրական մթնոլորտ։ Կարող եմ միանշանակ փաստել, որ ընտրության ժամանակ հաղթելու է միայն և միայն այն թեկնածուն, ով կկարողանա ավելի վստահելի և համոզիչ լինել հասարակ երևանցու համար: Կարծում եմ, անցել են ժամանակները, երբ մեզ կարելի էր «պարտադրել» կամ «խնդրել» ընտրել այս կամ այն «ֆավորիտին»: Ամեն ինչ դեռ առջևում է»։

Եվ իրոք, դեռ պետք չէ շտապել, առավել ևս, որ շատ նոր անակնկալներ են լինելու ավագանու ընտրության քարոզարշավի ընթացքում՝ նոր գաղափարներ, նոր մոտեցումներ, դեբատներ և այլն:

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն անդրադառնալով Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին և կուսակցության ակնկալիքներին՝ «Փաստ» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ ԲՀԿ համար ամենակարևորը իրատեսական ծրագիր ներկայացնելն է: Դրանից հետո արդեն ընտրողն ինքը կորոշի, թե որ թեկնածուին կտա նախապատվությունը: Պատգամավորը, բացելով փակագծերը, նշեց, որ լավ, մրցունակ և նոր գաղափարներով հարուստ ծրագիր ունենալու համար արդեն իսկ լայնածավալ աշխատանք է իրականացվել, իսկ առաջիկայում տարբեր երկրներից Երևան կժամանեն այլ քաղաքների, մայրաքաղաքների ղեկավարներ ու քաղաքների կառավարման փորձագետներ:

«Մասնագետները կներկայացնեն իրենց փորձը, և մենք կփորձենք մեր պատկերացումները համադրել նրանց փորձի հետ, հաշվի առնել ու կիրառել, որպեսզի կարողանանք մայրաքաղաք Երևանի կառավարման լավագույն փորձն ու գիտելիքները ներկայացնել մայրաքաղաքի բնակիչներին»,ասաց Վ. Էնֆիաջյանը: 

Պատգամավորը նշեց, որ բոլոր քաղաքների բնակիչները պետք է ապրեն մաքուր ու բարեկեցիկ քաղաքներում, իսկ հյուրերը մեր երկրից ու մայրաքաղաքից պետք է իրենց հետ տանեն լավագույն ջերմ հիշողությունները: ԲՀԿ-ի թիմը պատրաստ է ամեն ջանք ներդնել, որպեսզի Երևանը դառնա լավագույն մայրաքաղաքներից մեկն աշխարհում, և այդ նպատակով պատրաստ է ողջ օրն աշխատել:

«Մեր մայրաքաղաքի խնդիրները շատ են՝ քաղաքային տրանսպորտ, կանաչապատման, աղբահանության, բնակարանաշինոթյան խնդիրներ և այլն: Այսինքն, բոլոր առանցքային հարցերն էլ մեզ համար օրակարգային են: Եվ ես վստահ եմ, որ երբ մենք մեր ծրագրերը ներկայացնենք, ընտրողները կկարողանան ծանոթանալ կարևորագույն հարցերի այն լուծումներին, որը մեր թիմն է պատկերացնում: Բոլոր ծրագրերը համեմատելով միայն ընտրողները կկարողանան իրենց ընտրությունը ճիշտ կատարել: Այնպես որ, ամեն ինչ դեռ առջևում է, և ես վստահ եմ, որ քարոզարշավի ժամանակ ամեն ինչ ավելի հստակ կներկայացվի, ինչն էլ իր քվեով ցույց կտա երևանցին»,- ասաց Վ. Էնֆիաջյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին