Կարևոր իրադարձություններ

ՀԺԱՄ կուսակցությունը հաղորդագրություն է տարածել

03 Սեպտեմբեր, 2018 21:00
ՀԺԱՄ կուսակցությունը հաղորդագրություն է տարածել

ՀԺԱՄ կուսակցությունը մամուլի հաղորդագրություն է տարածել, որում մեկնաբանել է Երևանի ավագանու ընտրություններին ինքնաբացարկ ներկայացնելու որոշումը։

ՀԺԱՄ վարչության տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

ՀԺԱՄ կուսակցությունը Երևան քաղաքի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել: ՀԺԱՄ ավագանու թեկնածուների ցանկում ընդգրկված են գործարարներ, պետական համակարգի աշխատակիցներ, կուսակցականներ:

ՀԺԱՄ կուսակցությունը վերջին անգամ մասնակցել էր 2003թ-ի ԱԺ ընտրություններին՝ ստանալով ընտրողների շուրջ 4.8% քվե, որից Երևան քաղաքում՝ մոտ 20.000 ձայն: Հետագա տարիներին ՀԺԱՄ-ը չի մասնակցել համապետական ընտրությունների, քանի որ այն վերածվել էր հսկայածավալ ֆինանսական միջոցների մրցավազքի: Ընտրություններն ընթանում էին ոչ թե ծրագրի և գաղափարի մրցակցության հարթակում, այլ վարչական և ֆինանսական լծակների գործադրման: Նման պայմաններում ՀԺԱՄ-ը ընտրություններին մասնակցելու ո´չ ցանկություն ուներ, ո´չ հնարավորություն:

Հայաստանում առկա նոր իրողությունը հույս էր ներշնչել, որ այսուհետ ՀՀ-ում ընտրություններն ընթանալու էին առանց վարչական լծակների կիրառման և ֆինանսական խոշոր միջոցների անհրաժեշտության: Այդմ վստահ էինք, որ կարող ենք արժանապատիվ հանդես գալ Երևանի ավագանու ընտրություններին:

Սակայն պարզվեց, որ վարչական լծակներ չկիրառելու մասին հավաստիացումները ճիշտ չէին, և մեր նախնական ցանկում ընդգրկված որոշ թեկնածուների«հորդորել» էին ձեռնպահ մնալ ընտրություններին մասնակցելուց: Նշենք, որ անընդունելի ենք համարում դեռ չսկսված ընտրապայքարը «հեղափոխականների» և «հակահեղափոխականների»,«հների» և «նորերի», «սևերի» և «սպիտակների» մրցավազքի վերածելու և հասարակությունը հակամարտող կողմերի վերածելու վտանգավոր փորձերը:

Ելնելով վերոգրյալից՝ հայտնում ենք, որ չենք մասնակցելու Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին և ներկայացնում ենք ինքնաբացարկ: Բարի երթ ենք մաղթում առաջադրված մյուս կուսակցություններին և դաշինքներին, հորդորում նրանց ձեռնպահ մնալ ամեն գնով հաղթելու մոլուցքից և «մեր դեմ խաղ չկա» վտանգավոր կարգախոսից»:

 

Լրահոս

Դիտել ավելին