Կարևոր իրադարձություններ

«Քաթար Էյրվեյզ» ընկերությանը` գույքային և գործարար համբավի հետ կապված վնաս է հասցվել

03 Սեպտեմբեր, 2018 18:05
«Քաթար Էյրվեյզ» ընկերությանը` գույքային և գործարար համբավի հետ կապված վնաս է հասցվել

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու համար ՀՀ գլխավոր դատախազությունից Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն էր ուղարկվել «Քաթար Էյրվեյզ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ակբար Ալ Բաքերից ստացված գրությունը:

Նյութերին նախապատրաստմամբ պարզվել է, որ 2016թ. մայիսի 10-ին «Զվարթնոց Հենդլինգ», «Կոլբոր Ասեթ Մենեջմենթ» և «Քաթար Էյրվեյզ Հայաստանյան մասնաճյուղ»  ընկերությունների միջև կնքվել է ծառայությունների մատուցման պայմանագիր: Համաձայն վերջինիս՝ «Զվարթնոց Հենդլինգ» ՓԲԸ-ն պարտավորվել է  ամսական 13888 ԱՄՆ դոլար վճարել «Կոլբորն Ասեթ Մենեջմենթ» ընկերությանը՝ «Քաթար Էյրվեյզ» ընկերության կանոնավոր  չվերթների տոմսերի ավելացմանն ուղղված մարքեթինգային ծառայություններ մատուցելու համար: Պարզվել է, որ նշված ընկերությունների համապատասխան աշխատակիցներն իրավասու չեն եղել կնքելու նշված պայմանագիրը՝ առանց «Քաթար Էյրվեյզ» ընկերության գիտության և թույլտվության: Առկա են տվյալներ, որ «Քաթար Էյրվեյզ Հայաստանյան մասնաճյուղի» նախկին տնօրենը պայմանագիրը կնքելու  փաստը թաքցրել է «Քաթար Էյրվեյզ» ընկերությունից, քանի որ անձնական բիզնես շահեր է ունեցել «Կոլբորն Ասեթ Մենեջմենթ» ընկերությունում:

2016թ. մայիսից մինչև  2017թ. նոյեմբերն ընկած ժամանակահատվածում «Զվարթնոց Հենդլինգ» ընկերությունը համապատասխան հարկային հաշիվների հիման վրա «Կոլբորն Ասսեթ Մենեջմենթ» ընկերությանը վճարել է 242.335 ԱՄՆ դոլլարին համարժեք 116.440.103 ՀՀ դրամ գումար, սակայն կատարված աշխատանքների վերաբերյալ կատարողական ակտեր չեն կազմվել, աշխատանքները կատարելու հանգամանքը որևէ կերպ չի հիմնավորվել:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերով տվյալներ են ստացվել առևտրային կազմակերպությունների ծառայողների կողմից իրենց լիազորությունները չարաշահելու, «Քաթար Էյրվեյզ» ընկերությանն առերևույթ գույքային և գործարար համբավին վնաս պատճառելու մասին, դեպքի առթիվ 2018թ. օգոստոսի 31-ին ՀՀ գլխավոր դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին մասով հատկանիշներով  հարուցվել է քրեական գործ և ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ նախաքննություն կատարելու:

 

Լրահոս

Դիտել ավելին