Կարևոր իրադարձություններ

«Չկա գեթ մեկ վկա, ով մատնացույց կանի, որ Դավիթն ինչ-որ հակաօրինական գործողություն է կատարել»․ Մասիսի քաղաքապետի պաշտպան

03 Սեպտեմբեր, 2018 14:40
«Չկա գեթ մեկ վկա, ով մատնացույց կանի, որ Դավիթն ինչ-որ հակաօրինական գործողություն է կատարել»․ Մասիսի քաղաքապետի պաշտպան

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի և նրա ընկերների վերաբերյալ քննվող քրեական գործով վկաները քննչական մարմիններում բռնության են ենթարկվել: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Դավիթ Համբարձումյանի պաշտպան, փաստաբան Տիգրան Աթանեսյանը։ 

Աթանեսյանը տեղեկացրեց, որ այդ մասին Հատուկ քննչական ծառայություն հաղորդում է ներկայացվել։ 

«Չկա գեթ մեկ վկա, ով մատնացույց կանի, որ Դավիթն ինչ-որ հակաօրինական գործողություն է կատարել»։ 

Տիգրան Աթանեսյանի խոսքով՝ իր պաշտպանյալին մեղադրանք է առաջադրվել ընդամենը մեկ անձի ցուցմունքի հիման վրա, իսկ զանգն էլ անանուն է եղել։ 

«Ի դեպ, այդ անանուն ահազանգը կատարվել է Երևան քաղաքի ոստիկանության վարչության շենքի առջևի մասում գտնվող տաքսոֆոնից»,-տեղեկացրեց փաստաբանը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 30-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշում էր կայացրել ևս երկու ամսով երկարաձգել Համբարձումյանի կալանքի ժամկետը:

Տիգրան Աթանեսյանի հիշեցրեց, որ  դատավորը, մերժելով իր կողմից ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը, Դավիթ Համբարձումյանի կամքին հակառակ ներգրավել էր հանրային պաշտպան և  առանց պաշտպանության կողմի ներկայության՝ որոշում կայացրել նրա կալանքի ժամկետը երկարացնելու մասին։

Հիշեցնենք, որ Դավիթ Համբարձումյանը  մեղադրվում է ապրիլի 22-ին Էրեբունիում, ապա նաև Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկում տեղի ունեցած բողոքի ակցիաների ընթացքում զանգվածային անկարգություններ կազմակերպելու և  խուլիգանություն կատարելու մեջ։ Համբարձումյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին