Կարևոր իրադարձություններ

Կառավարությունն աշխատում է խորհրդարանի ինքնալուծարման մեխանիզմը ենթադրող սահմանադրական փոփոխությոնւնների փաթեթի վրա

02 Սեպտեմբեր, 2018 23:41
Կառավարությունն աշխատում է խորհրդարանի ինքնալուծարման մեխանիզմը ենթադրող սահմանադրական փոփոխությոնւնների փաթեթի վրա

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հարցին, թե ինչպես է կազմակերպվելու խորհրդարանի ազատ արձակման գործընթացը արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպման համար: «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերի ընթացքում, պատասխանելով օգտատերերից մեկի հարցին, ՀՀ վարչապետն ընդգծեց, որ գործող Սահմանադրությամբ մեխանիզմն այն է, որ վարչապետը պետք է հրաժարական տա, դրանից հետո խորհրդարանը երկու շաբաթվա ընթացքում երկու անգամ չընտրի նոր վարչապետ, որից հետո Ազգային ժողովը իրավունքի ուժով պետք է արձակվի:

«Եվ, ըստ էության, կառավարության ծրագրով, որն ընդունվել է խորհրդարանի կողմից, այս քաղաքական պայմանավորվածությունը հստակ արձանագրվել է խորհրդարանի, կառավարության և ժողովրդի կողմից: Սակայն հետևելով Հայաստանի քաղաքացիների տրամադրություններին՝ նրանք ուզում են, որ լինի որոշակի երաշխիքներ, որ իրենք վարչապետի ենթադրվող հրաժարականից հետո նորից ստիպված չեն լինելու հեղափոխություն անել: Բնականաբար, ես կարծում եմ, որ անհրաժեշտության դեպքում Հայաստանի քաղաքացիները կանեն այդ հեղափոխությունը, բայց, նաև մարդկանց այս ուղերձը ընկալելով, կարծում եմ, որ մենք պետք է ունենանք երաշխիքներ, որ հակաժողովրդական գործընթացներ ձեռնարկելու փորձեր չեն արվելու»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Փաշինյանը:

Նա հավելեց, որ դրա համար կա երկու տարբերակ. «Առաջին տարբերակն այն է, որի մասին ես խոսել եմ: Պետք է իրականացվեն սահմանադրական փոփոխություններ, որտեղ խորհրդարանի արձակումը կարող է տեղի ունենալ նաև առանց վարչապետի հրաժարականի: Այսինքն, խորհրդարանը ինքն ընդունի ինքնալուծարման մասին որոշում, իհարկե, եթե, այսպես ասած, կայուն մեծամասնություն գոյություն չունի կամ այլ պայմաններում: Սա տարբերակներից մեկն է և ամենաերաշխավորված տարբերակներից մեկն է: Կարող է լինել նաև այլ տարբերակ, որ խորհրդարանական ուժերը ուղղակի այդ մասին ստորագրեն համաձայնագիր, բայց քանի որ մենք գիտենք, որ այդ համաձայնագրերը կարող են բավարար չթվալ մեր հանրությանը, հիմա աշխատում ենք սահմանադրական փոփոխությունների վրա: Փաթեթը շուտով պատրաստ կլինի, և մենք այն կուղարկենք խորհրդարան: Այս համատեքստում կունենանք քաղաքական քննարկումներ, ինչպես նաև ժողովրդի հետ քննարկումների արդյունքում կգանք ընդհանուր որոշումների»,- նշեց վարչապետը:

ՀՀ վարչապետն ընդգծեց, որ մի բան ակնհայտ է՝ ամենաուշը հաջորդ տարվա մայիսին կամ հունիսի առաջին տասնօրյակում ՀՀ-ում պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանկաան ընտրություններ:
Անդրադառնալով վերջերս հաճախ հնչող հայտարարություններին, թե խորհրդարանը պետք է լուծարել՝ վարչապետը շեշտեց, որ այսօր խորհրդարանը լուծարելու մեխանիզմ գոյություն չունի: «Եվ եթե հանրությունը հստակ պնդի այդ դիրքորոշումը, այո, կարծում եմ, որ մենք պետք է ունենանք խորհրդարանի լուծարման հստակ մեխանիզմներ: Այստեղ կա մի քանի տարբերակ, որոնցից որևէ մեկը հընթացս կընտրվի»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին