Կարևոր իրադարձություններ

«1/3-ը ԲՀԿ-ն է տվել Նիկոլ Փաշինյանին, որ լեգիտիմ լինի». Գագիկ Ծառուկյան

01 Սեպտեմբեր, 2018 16:30
«1/3-ը ԲՀԿ-ն է տվել Նիկոլ Փաշինյանին, որ լեգիտիմ լինի». Գագիկ Ծառուկյան

«Ամենակարևորը՝ մենք ներկայացնելու ենք մեր թեկնածուին, մեր ծրագրերը, անհրաժեշտ ինչ-որ կա Երևանի համար, մենք չենք խոսելու 10-20 տարի հետո, այլ անմիջապես՝ ինչն է կարևոր։ Չկա պատմության մեջ բան, որ Ծառուկյանը խոստացած լինի ու չիրականացնի»,- այսօր լրագրողների հետ զրույցում խոսելով Երևանի ավագանու ընտրություններին իրենց մասնակցության մասին՝ ասաց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։

 «Ում կընտրեն երևանցիները՝ իրենց ցավն էլ տանեմ, իրենց քաղաքն է»,- ասաց Ծառուկյանը՝ ընդգծելով, որ թեկնածուները պետք է իրական ծրագրեր ներկայացնեն։

Ծառուկյանն ասաց, որ Երևանի ավագանու ընտրություններին որոշել են մասնակցել, որովհետև հիմա «նոր Հայաստան է»։

«Նախկինում ասում էին՝ ոնց որոշեն, այդպես կշարունակվի, բոլոր ճանապարհները Մելիք-Ադամյանով են անցնում, իսկ հիմա հնարավորություն է տրված, մենք էլ մասնակցում ենք, ներկայացնում ենք մեր ծրագրերը»,- պարզաբանեց Ծառուկյանը։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ասում է, որ չկա մի խոստում, որ չկատարի, պատրա՞ստ է ընտրությունների ժամանակ կամ դրանից հետո մնալ Փաշինյանի կողքին։ Ի պատասխան՝ Ծառուկյանը հետևյալն ասաց. «Դուք տեսնում եք՝ այժմ մենք մնացել ենք, ես իմ ժողովրդի ցավը տանեմ։ Ժողովրդին ասել եմ՝ ձեր թեկնածուն ով ա, ում եք ուզում, ասել են՝ պարոն Փաշինյանը։ Մենք թեկնածու չենք դրել, չենք առաջադրվել, մենք պաշտոնի կարիք չունենք։ Պարոն Փաշինյանի կողքին կանգնել ենք, հեղափոխության ղեկավարը նա է եղել, մենք էլ մեր չափով աջակցել ենք»։

 

Ծառուկյանը հիշեցրեց, որ երբ ձերբակալել էին Փաշինյանին, Սասուն Միքայելյանին և Արարատ Միրզոյանին, ինքը հայտարարեց, որ ընդդիմադիր գործընկերների կողքին են. «1/3-ը ԲՀԿ-ն է տվել Նիկոլ Փաշինյանին, որ լեգիտիմ լինի։ Մենք իրար հետ քննարկում ենք և ուզում ենք ժողովրդի հույսն ու հավատն իրականացնենք»։

Դիտարկմանը՝ եթե ժողովուրդը Քոչարյանին պահանջի՝ նրան կմիանա՞, Ծառուկյանն այսպես արձագանքեց. «Գնացեք՝ ժողովրդին հարցրեք։ Մեր առօրյայում նման հարց դրված չէ»։

 

Լրահոս

Դիտել ավելին