Կարևոր իրադարձություններ

Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանն այսօր ազատ կարձակվի

21 Օգոստոս, 2018 14:16
Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանն այսօր ազատ կարձակվի

ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանը քիչ անց ազատ կարձակվի քրեակատարողական հիմնարկից: Տեղեկությունը  Հայկական ժամանակի հետ զրույցում հաստատել է նրա պաշտպան Արմեն Մելքոնյանը:

Դատարանն այսօր բավարարել է պաշտպանական կողմի միջնորդությունը Բաբայանին գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ. որպես գրավի չափ է սահմանվել 20 միլիոն դրամը: Այս մասին մեր զրույցում ասաց Բաբայանի պաշտպան Արմեն Մելքոնյանը՝ հավելելով, որ գրավն արդեն վճարված է:

Ծառուկյանի թիկնազորի պետն անազատության մեջ է գտնվում հուլիսի 3-ից. նա մեղադրվում է Վյաչեսլավ Հարությունովին ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեջ:

Քննչական կոմիտեն ավելի վաղ հաղորդել էր, որ հուլիսի 2-ին՝ ժամը 21:30-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել առ այն, որ կրծքավանդակի կոտրվածքով ու այլ վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 50-ամյա տղամարդ:

Հաղորդվում էր, որ նախնական տվյալներով՝ տուժողին մարմնական վնասվածքները պատճառվել են Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում գործող «Օլիմպավան» մարզասրահում հուլիսի 2-ին տեղի ունեցած միջադեպի ժամանակ։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են արնանման հետքեր»։

Ոստիկանությունը նույնպես հանդես էր եկել հաղորդագրությամբ՝ նշելով, որ ըստ տուժողի հաղորդման, նրան նախ «հարված է հասցրել Գագիկ Ծառուկյանը, ապա ձեռքերով եւ ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել Գագիկ Ծառուկյանի անվտանգության ղեկավար՝ 46-ամյա Էդուարդ Բաբայանն ու եւս մեկ անձ, որի ինքնությունը պարզվում է»։

Շատ չանցած գործով տուժողը հայտարարեց, թե իրեն չեն հարվածել, այլ սայթաքել, ընկել է:

 

Լրահոս

Դիտել ավելին