Կարևոր իրադարձություններ

Կաշառք է ստացել պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու համար

21 Օգոստոս, 2018 10:57
Կաշառք է ստացել պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու համար

Քաղաքացին մեղադրվում է ՀՀ ԶՈւ –ից քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու համար խոշոր և առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու մեջ:


 Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացանք, որ գործն ուղարկվել է Երևանի դատարան և մակագրվել դատավոր Արմեն Խաչատրյանին:

Քաղաքացի Կարեն Բաբախանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, խոշոր և առանձնապես խոշոր չափերի գումարներ խարդախությամբ հափշտակելու դիտավորությամբ, ծանոթացել է ՀՀ մի շարք քաղաքացիների հետ և տեղեկանալով, որ նրանք ցանկանում են պարտադիր ժամկետային զինվորական տարիքի հասած, ինչպես նաև արդեն ՀՀ Զինված ուժեր զորակոչված իրենց զավակներին ազատել զինվորական ծառայությունից կամ նրանց օգտին կատարել այլ գործողություններ, ներկայացել է որպես լայն կապեր ունեցող անձնավորություն և վերջիններիս համոզելու եղանակով դրդել է առանձնապես խոշոր չափերի կաշառք տալ իր ծանոթ պաշտոնատար անձանց:

 Հիշյալ փաստերը ներկայացնելով որպես իրականություն՝ ստացել է վերջիններիս համաձայնությունը և 2016-2017թթ. ընթացքում նրանցից մաս-մաս ստացել է խոշոր և առանձնապես խոշոր չափերի գումարներ, ինչպես նաև կատարել է սուտ մատնություն` հանցագործությանն ակնհայտորեն առնչություն չունեցող անձանց հանցանք կատարելու մեջ մեղադրելով:


Կարեն Բաբախանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 2-րդ մասի 2-րդ կետի, 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 38-34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 333-րդ հոդվածի 1-ին մասի, 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:

Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

 

Լրահոս

Դիտել ավելին