Կարևոր իրադարձություններ

Հայաստանում ինչպե՞ս հնարավոր կլինի օգտագործել անցումային արդարադատության մարմինների գործիքակազմը

21 Օգոստոս, 2018 10:28
Հայաստանում ինչպե՞ս հնարավոր կլինի օգտագործել անցումային արդարադատության մարմինների գործիքակազմը

Օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց անցումային արդարադատության մարմիններ ստեղծելու վերաբերյալ քննարկումների անհրաժեշտությունից։

Վարչապետը անցումային արդարադատության մարմինների անհրաժեշտությունն այսպես հիմնավորեց. «Անցումային արդարադատության մարմինները մեզ կարող են անհրաժեշտ լինել ոչ միայն այն պատճառով, որ մեր դատական համակարգի բազմաթիվ կոռումպացված դեմքեր շարունակում են «տեղը չբերել» ժողովրդական հեղափոխությունը, այլև այն պատճառով, որ մեր օրենսդրության մեջ կան բազմաթիվ խնդիրներ»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետի՝ հասարակական հիմունքներով խորհրդական, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը Shabat.am-ի հետ զրույցում, խոսելով անցումային արդարադատության մասին, նշեց, որ ցավոք, որոշ իրավաբաններ վարչապետի կողմից հիշատակված «անցումային արդարադատության» հետ որևէ կապ չունեցող իրավական հիմնավորումնր են ներկայացնում։ «ՀՀ հնարավոր կիրառվող անցումային արդարադատության մոդելի նպատակը չի կարող լինել մարդկանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցելը, դատապարտելը, քանի որ դրանով պետք է զբաղվեն նախաքննական մարմինները և դատարանը։ Այսինքն դատարանն է իրավասու որոշել` մարդու մեղավորությունը կամ անմեղությունը։ Սա ամրագրված է ՀՀ Սահմանադրությամբ, որից շեղում լինել չի կարող»։

Բաղդասարյանի խոսքով՝ անցումային արդարադատության գործիքներից է «Լյուստրացիայի մասին» օրենքի ընդունումը, որը գործել է եվրոպական մի շարք պետություններում, այդ թվում Գերմանիա, Լիտվա, Լատվիա, Լեհաստան, Վրաստան Ուկրաինա։ Այս օրենքի նպատակն է՝ պաշտոնատար անձինք, որոնք թույլ են տվել չարաշահումներ, ներգրվված են եղել կոռուպցիոն մեխանիզմներում չշարունակեն պաշտոնավարել։  «Այս ամենակարևոր գործիքը բացարձակապես կապ չունի ընդդիմախոսների ներկայացված իրավական ակտերի հետ։ Լյուստրացիայի մասին օրենքը ոչ մի կապ չունի արտակարգ դատարանների ստեղծման հետ։ Նման օրենքներ մշակելիս,  պետք է հիմք ընդունել եվրոպական դատարանի նախադեպերը, և այդ օրենքները պետք է հապատասխանեցնել միջազգային պայմանագրերի, որպեսզի բացառենք գոնե 1 տոկոս հնարավորությունը, որ կարող է մարդու իրավունքների խախտման փաստ արձանագրվի»։  

Հիշեցնենք, որ անցումային արդարադատության նպատակն է մարդու իրավունքների խախտումների արձանագրումը, դրանց վերականգնումը, հատուցում տալը և այլն։ Նման ինստիտուտներ մեզանում չունենք, չենք էլ կարող ունենալ, քանի որ դրանք ստեղծվում եմ՝ երբ փոփոխվում են քաղաքական համակարգերը։

Թե ինչ է ի նկատի ունեցել Նիկոլ Փաշինյանը, օգոստոսի 17-ի հանրահավաքում այցումային արդարադատության վերաբերյալ  հայտարարություններով, Բաղդասարյանը ասաց, որ դժվար թե կարողանա մեկնաբանել, որովհետև նախ դրա իրավունքը չունի, իսկ երկրորդը չի տիրապետում, թե կոնկրետ որ գործիքակազմն ընդունելի կլինի։ Բացի այդ մինչև այդ իրավական ակտերը չդրվեն շրջանառության մեջ, հնարավոր չէ կանխատեսել, թե ինչպիսին է լինելու քաղաքական որոշումը։

Բաղդասարյանն ասում է՝ պարտադիր չէ, որ այդ անցումային արդարադատության մարմիններում լինեն իրավաբաններ,  փորձը ցույց է տալիս, որ այդ մարմիններում ներգրավում են հեղինակություն ունեցող մարդիկ՝ տարբեր ոլորտներից։

Թե Հայաստանում ինչպե՞ս հնարավոր կլինի օգտագործել անցումային արդարադատության մարմինների գործիքակազմը, վարչապետի՝ հասարակական հիմունքներով խորհրդականը հետևյալ կերպ մեկնաբանեց․

«Այլ պետություններում հիմնականում ընդունվել է «Լյուստրացիայի մասին» օրենքը, որը նախատեսում է տարբեր պետական մարմիններում պաշտոնատար անձանց վերանշանակումը։ Այսինքն ստուգվել է այդ պաշտոնյանները ինչքանո՞վ են կապ ունեցել կոռուպցիայի հետ և կոռուպցիայի հետ կապ ունեցող անձինք չեն վերանշանակվել, որպեսզի հասարակության վստահությունը բարձրանա պետական մարմիների նկատմամբ, նաև՝ ապահովելով վարչարարության լուծումը սահմանադրության բոլոր հոդվածների պահպանմամբ։ Այսինքն չեն եղել այնպիսի դատավորներ, վարչական մարմիների աշխատակիցներ, որոնք կաշկանդված են եղել նախկին իշխանությունների կողմից, որոնց նկատմամբ կան կոմպրոմատներ, և այդ անձիք չեն կարողացել օբյեկտիվ լուծումներ տալ։ Այսինքն անցումային արդարադատության նպատակներն այլ պետություններում վերոնշյալ է եղել։ Մեր երկրում ևս հնարավոր է անցումային արդարադատություն, դա պայմանավորված է քաղաքական որոշմամբ, այսինքն իրավական լուծումների պետք է լինի քաղաքական որոշում, որից հետո նոր կարելի քննարկել այդ ծրագրի դրական և բացասական կողմերը»։

Նիկոլայ Բաղդասարյանը պարզաբանեց, եթե անգամ Հայաստանում ստեղծվեն անցումային արդարադատության մարմիններ, դա չի նշանակում, որ դատարաններ այլևս չեն լինելու։ 

 

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին