«Ժառանգություն» կուսակցությունը Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու է իր ցուցակով: Այսօր՝ օգոստոսի 20-ին, այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց կուսակցության հիմնադիր անդամ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ այսօր «Ժառանգություն» կուսակցությունը վարչություն նիստ կանի, որի ընթացում կորոշի՝ ով է գլխավորելու ցուցակը:
«Ժառանգության» դեպքում կլինի վերկուսակցական մոտեցում, ցուցակում կլինեն նաև քաղաքացիական հասարակության անդամներ: Այս պահին ցուցակը գլխավորելու հետ կապված քննարկվում է 3 անուն՝ Արմեն Մարտիրոսյանի, իմ և վարչությունից դուրս 3-րդ անձի անունը»,- ասաց նա՝ չմանրամասնելով 3-րդ անձի ով լինելը։
Հովհաննիսյանը հիշեցրեց, որ իրենք հրապարակային հայտարարել էին միասնական ցուցակով ընտրություններին մասնակցելու պատրաստակամության մասին, սակայն իրենց առաջարկին արձագանք չի եղել:
«Մեր կարծիքով՝ սխալ է մոտեցումը, որ հեղափոխության հաղթանակը միասնական ցուցակով չեղավ: Հավանաբար զբաղվածության պատճառով չեն արձագանքել, սակայն հույս ունենք, որ խորհրդարանական ընտրություններին մոտեցման վերանայում կլինի, իսկ համազգային վերելքը չի արտահայտվի կուսակցականացված ցուցակի տեսքով»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը: