Կարևոր իրադարձություններ

Մասիսի քաղաքապետի պաշտպանը բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան

20 Օգոստոս, 2018 12:15
Մասիսի քաղաքապետի պաշտպանը բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան

Խուլիգանության մեջ մեղադրվող Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի պաշտպան Զորայր Հարությունյանը բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան իր պաշտպանյալի նկատմամբ կալանքը, որպես խափանման միջոց կիրառելու և  գրավով ազատ արձակումը մերժելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց պաշտպանը:

«Այսօր բողոք եմ ներկայացրել՝ բեկանելու առաջին ատյանի դատարանի որոշումը, և գրավի կիրառումը ճանաչվի թույլատրելի»,- ասաց  Զորայր Հարությունյանը:

Գործով մյուս մեղադրյալի՝ Մասիսի քաղաքապետի եղբոր` Գոռ Համբարձումյանի նկատմամբ Վերաքննիչ դատարանը գրավի կիրառումը ճանաչել է թույլատրելի՝ սահմանելով 2 մլն դրամ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից՝ սույն որոշումը բողոքարկելու համար մեղադրող կողմը դիմելու է Վճռաբեկ դատարան: 

Օգոստոսի 16-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը մերժել էր Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի փաստաբանների միջնորդությունը կալանքը գրավով փոխարինելու մասին: 

Դավիթ Համբարձումյանը կալանավորվել է հուլիսի 6-ին: Նույն օրը կալանավորվել է նաև նրա եղբայր Գոռ Համբարձումյանը:

Մասիսի քաղաքապետին մեղադրանք էր առաջադրվել Երևանի Էրեբունի թաղամասում ապրիլի 22-ին տեղի ունեցած անկարգությունների գործով, ինչպես նաև նույն օրը Արարատի մարզի Հայանիստ և Հովտաշատ գյուղերի խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի գործով:

 

Լրահոս

Դիտել ավելին