Կարևոր իրադարձություններ

Թուրքիայի նկատմամբ տնտեսական ճնշումը չի փոխի երկրի քաղաքականությունը. Էրդողան

18 Օգոստոս, 2018 18:33
Թուրքիայի նկատմամբ տնտեսական ճնշումը չի փոխի երկրի քաղաքականությունը. Էրդողան

Թուրքիայի հակառակորդները փորձում են ազդել ճնշման տնտեսական լծակներով, սակայն երկիրը չի փոխի իր քաղաքական կուրսը։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Անկարայի և Վաշինգտոնի հարաբերություններում ճգնաժամի ֆոնին, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Թուրքիայի հակառակորդները փորձում են տնտեսական մեթոդներով ազդել մեր կուրսի վրա … Բայց մենք առաջ ենք գնում վստահ քայլերով և կշարունակենք մեր ճանապարհը, ոչ մեկ մեզ ծնկի չի բերել, չի բերի, և չի տապալի»,- հայտարարել է Էրդողանը՝ դիմելով աջակիցներին Անկարայում իր գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության հերթական համագումարի մեկնարկից առաջ։

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ կարգադրել է կրկնակի ավելացնել Թուրքիայից ներկրվող ալյումինի ու պողպատի համար սահմանված մաքսատուրքերը, ինչի հետևանքով թուրքական լիրան ռեկորդային անկում է արձանագրել:

 



Բացի այդ, ԱՄՆ-ն Թուրքիայում ամերիկացի հոգևորականի կալանավորման շուրջ տարաձայնությունների ֆոնին նոր պատժամիջոցներ է սահմանել Անկարայի նկատմամբ:

 

Ի պատասխան ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների՝ Թուրքիան կտրուկ բարձրացրել է մի շարք ամերիկյան ապրանքների ներկրման համար մաքսատուրքերը։

ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը հայտարարել է, որ իրենք պատրաստել են լրացուցիչ պատժամիջոցների փաթեթ, որն առանց վարանելու կկիրառվի, եթե քահանա Բրանսոնը չհայտնվի ազատության մեջ։

Հիշեցնենք, որ վերջին շրջանում երկու դաշնակիցների հարաբերությունները բավականին լարված են մի շարք պատճառներով՝ ներառյալ ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի կալանավորումը:

 

Լրահոս

Դիտել ավելին