Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ն սպառնում է Իրաքին պատժամիջոցներով. դաշնակիցների միջև վեճ է ծագել Իրանի պատճառով

18 Օգոստոս, 2018 18:10
ԱՄՆ-ն սպառնում է Իրաքին պատժամիջոցներով. դաշնակիցների միջև վեճ է ծագել Իրանի պատճառով

ԱՄՆ-ի և Մերձավոր Արևելքում նրա դաշնակից Իրաքի միջև հակասություններ են առաջանում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների պատճառով, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Բաղդադը հրաժարվում է ամբողջությամբ պահպանել պատժամիջոցների ռեժիմը Իրանի հետ առևտրի աջակցության անհրաժեշտության առնչությամբ, իսկ ԱՄՆ-ի իշխանությունները սպառնում են պատժամիջոցներ սահմանել երկրի դեմ, որտեղ դեռևս շարունակում է տեղակայված մնալ 5 հազար ամերիկացի զինծառայող։

Վաշինգտոնում աշխատող բարձրաստիճան իրաքցի դիվանագետը պատմել է «ՌԻԱ Նովոստի»-ն, որ «ԱՄՆ-ն հասկանում է Իրանի հետ Իրաքի փոխհարաբերությունների ողջ բարդությունը», սակայն «շարունակում է ճնշում գործադրել»։  Նրա խոսքերով՝ Բաղդադը մի իրավիճակում է, երբ անհրաժեշտ է լավ հարաբերություններ պահպանել ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Իրանի հետ։

Իրաքի համար գրեթե անհնար է խզել Իրանի հետ առևտրային հարաբերությունները։  Երկիրը կապված է իր արևելյան հարևանից գազի, էլեկտրաէներգիայի, ջրի և մթերքի մատակարարումներով։ Իրաքն ամեն տարի Իրանից 6,6 միլիարդ դոլարի ապրանք է ձեռք բերում։

Իրաքցի դիվանագետը հույս է հայտնել, որ երկրի իշխանություններին կհաջողվի հասնել պատժամիջոցների ռեժիմից բացառության։

Գործակալությունը նշում է, որ միևնույն ժամանակ իրանական ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն՝ ԱՄՆ ֆինանսների նախարարության ներկայացուցիչներն անցած ամիս այցելել են Իրաքի կենտրոնական բանկ և հայտարարել են, որ ԱՄՆ-ն պատժամիջոցներ կսահմանի ցանկացած իրաքյան բանկի դեմ, ով ֆինանսական գործարքներ կիրականացնի Իրանի հետ։

 

Լրահոս

Դիտել ավելին