Կարևոր իրադարձություններ

Դիլիջանը նոր զբոսաշրջային տեղեկատվական կենտրոն ունի

18 Օգոստոս, 2018 12:10
Դիլիջանը նոր զբոսաշրջային տեղեկատվական կենտրոն ունի

Զբոսաշրջիկների, ինչպես նաև տեղացիների համար Դիլիջանի և հարակից տարածքների մասին տեղեկություն ստանալն արդեն հեշտ է և հարմար. քաղաքում արդեն գործում է զբոսաշրջային տեղեկատվական կենտրոն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կենտրոնը բացվել է օգոստոսի 17-ին Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Մաքսիմ Գորկու 15/2 հասցեում: Կենտրոնը կառուցվել է «Դիլիջանի և հարակից համայնքների զարգացման նախաձեռնություն» դրամաշնորհային ծրագրի շրջանակում: «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ (IDeA) հիմնադրամը ծրագիրն իրականացնում է Եվրոպական միության, Հայաստանի տարածքային կառավարման և զարգացման նախարարության համաֆինանսավորմամբ` համագործակցելով Դիլիջանի համայնքապետարանի և «Դիլիջան» ազգային պարկի հետ:

«Կենտրոնը երկհարկանի է և երկրորդ հարկում գտնվում է թրեյնինգների կենտրոնը` հագեցած համակարգիչներով, և խոհանոցը: Զբոսաշրջիկները անհրաժեշտության և ցանկության դեպքում կարող են օգտվել համակարգիչներից, որպեսզի համացանց մուտք գործեն»,- լրագրողների հետ զրույցում նշեց «Դիլիջանի և հարակից համայնքների զարգացման նախաձեռնություն» դրամաշնորհային ծրագրի ղեկավար Տաթևիկ Սարգսյանը:

Նա հավելեց, որ կենտրոնը կառուցելուց բացի, իրենք իրականացրել են նաև Դիլիջան ազգային պարկի արահետների վերանորոգման աշխատանքներ` 4 քայրարշավային և 1 հեծանվային: Կենտրոնի մուտքի մոտ տեղադրված է արահետների քարտեզը, որպեսզի զբոսաշրջիկը կարողանա ճիշտ կողմնորոշվի:

Հեծանվարշավի արահետը սկսում է Դիլիջան քաղաքի զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնից և հասնում մինչև Պարզ լիճ:

Զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնն առաջինն է Տավուշի մարզում, որն անվճար տեղեկություն է տրամադրելու Դիլիջան և տարածաշրջան այցելող զբոսաշրջիկներին:

Մանրամասները այստեղ՝

 

Լրահոս

Դիտել ավելին