Կարևոր իրադարձություններ

Մադոննան իր 60-ամյակը նշել է Մարակեշի միջնադարյան թաղամասում

18 Օգոստոս, 2018 00:20
Մադոննան իր 60-ամյակը նշել է Մարակեշի միջնադարյան թաղամասում

Երգչուհի Մադոննան օգոստոսի 17-ին իր 60-ամյակը նշել է Մարոկկոյում: Նա որոշել էր հոբելյանական տարեթիվն ընկերների հետ միասին տոնել Մարակեշում՝ հյուսիսաֆրիկյան թագավորության առավել մեծ ժողովրդականություն վայելող տուրիստական կենտրոնում:

 

Հիմնական հանդիսությունները տեղի են ունեցել ավանդական էթնիկական ոճով կառուցված հյուրանոցներից մեկում: Շենքի ներքին հարկաբաժինները հատուկ զարդարված էին երգչուհու գալու կապակցությամբ:

Լրագրողների տեղեկությունների համաձայն՝ հանդիսավոր երեկույթին ներկա է եղել շուրջ հիսուն մարդ: Տեղի լրագրողները եւ տուրիստական ինդուստրիայի ներկայացուցիչները վստահ են, որ Մադոննայի ծննդյան օրվա տոնակատարությունը վառ իրադարձությունն է դարձել Մարոկկոյի համար:

1983 թվականին «Մադոննա» վերտառությամբ դեբյուտային ալբոմի թողարկվելուց հետո երգչուհին ունեցել է 10 համաշխարհային շրջագայություն: Աշխարհում վաճառվել է նրա ավելի քան 300 մլն ձայնագրություն՝ կրիչների՝ գոյություն ունեցող բոլոր ձեւաչափերով, ներառյալ ձայներիզները, խտասկավառակները եւ սկավառակները, ինչպես նաեւ թվային օրինակների տեսքով:

 

Այդ ռեկորդի շնորհիվ Մադոննան Գիննեսի ռեկորդների գրքում հայտնվել է որպես կոմերցիոն առումով ամենահաջողված երգչուհին ձայնագրման ինդուստրիայի պատմության մեջ:

Մադոննայի 12 սկավառակները գլխավորել են հիթ-շքերթը: Ավելիին հասել են միայն «Բիթլզ»-ը եւ Էլվիս Փրեսլին: Լավագույն հիթերի Immaculate Collection հավաքածուն, որը թողարկվել Է 1990 թվականին, չարթերում մնացել է 338 շաբաթ (6,5 տարի): Դրա հետ մեկտեղ ավելի քան երկու ամիս այն գլխավորել է հիթ-շքերթը:

Բրիտանական հիթ-շքերթի առաջին հնգյակում եղել է Մադոննայի 46 թրեք: Ավելի շատ ունեցել է միայն Էլվիսը: Ընդ որում՝ Մադոննայի ներկայությունը թոփ-5-ում կայուն է երեք տասնամյակ՝ 1984 թվականի Like A Virgin երգից մինչեւ 2009 թվականի Celebration-ը:
Forbes հանդեսը Մադոննայի կարողության ընդհանուր չափը գնահատում է 580 մլն դոլար: Նա շատ ավելի հարուստ է ամերիկացի մյուս երգչուհիներից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Լրահոս

Դիտել ավելին