Կարևոր իրադարձություններ

Սուրեն Պապիկյանը ներկայացրել է իր գործունեության ամփոփումը

17 Օգոստոս, 2018 13:10
Սուրեն Պապիկյանը  ներկայացրել է իր գործունեության ամփոփումը

Հայաստանի Հանրապետության տարածքայինկառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն ամփոփել է նախարարի պաշտոնում գործունեության 100 օրը: 

Ներկայացնում ենք Սուրեն Պապիկյանի աշխատանքային 100-օրվա ընթացքում կատարված հիմնական աշխատանքները.

2018 թվականի մայիսի 18-ին նախարար Սուրեն Պապիկյանի հանձնարարականով ձևավորվել է աշխատանքային խումբ, որը զբաղվում է քաղաքացիների կողմից ներկայացված դիմում-բողոքների ուսումնասիրման, բարձրացված խնդիրների արագ արձագանքման և վերջիններիս օպերատիվ լուծումներ տալու հարցերով: Ստացվել է 1000-ից ավելի դիմում, որոնք հիմնականում վերաբերել են համայնքի ղեկավարի և ավագանու գործունեության, քաղաքաշինության, բնակարանային և կոմունալ տնտեսության, տրանսպորտ ու ճանապարհաշինության, սոցիալական ապահովության, կրթության և առողջապահության, փախստականների ու միգրացիայի, գյուղատնտեսության և հողօգտագործման բնագավառներին, ինչպես նաև աշխատանքի տեղավորման հետ կապված հարցերին։

Հանդիպումներ ՀՀ-ում ԱՄՆ, ՌԴ, Ֆրանսիայի, Իրանի, Ճապոնիայի, Իրանի, Լիբանանի արտակարգ և լիազոր դեսպանների, Մեծ Բրիտանիայի գործարար պատվիրակության, Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի, ԳՄՀԸ «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի ղեկավարի հետ:

Եղել են հանդիպումներ և ոլորտային քննարկումներ միջազգային և ոչ կառավարական կազմակերպությունների պատվիրակությունների հետ, որոնց թվում՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի, USAID-ի Save the Children, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի, Ասիական զարգացման բանկի, World vision-ի հայաստանյան պատվիրակությունների հետ:

Հանգստյան օրերին ճանաչողական և աշխատանքային այցեր հանրապետության համայնքներ, որոնց շրջանակներում շրջայցեր է իրականացրել հունիսի 23-ին՝ Արմավիրի մարզի, հունիսի 30 և հուլիսի 1-ին` Արարատի մարզի, հուլիսի 21-22-ին` Տավուշի մարզի, հուլիսի 27-29-ին Սյունիքի մարզի համայնքներում, տեղում ծանոթացել է համայնքային խնդիրներին, քննարկել դրանք համայնքապետերի հետ: Այցերի ընթացքում հանդիպումներ է ունեցել համայնքների բնակիչների հետ, առանձնահատուկ ուշադրության են արժանացել սահմանապահ համայնքների խնդիրներն ու բնակիչների կարիքները: 
Մարզային այցելություններից առաջ նախարարը ստացել է բազմաթիվ դիմում-բողոքներ համայնքների բնակիչների կողմից, որոնք բարձրաձայնվել և քննարկվել են համայնքի ղեկավարների հետ հանդիպումների ընթացքում:

Հունիսի 19-ից նախարարի նախաձեռնությամբ մեկնարկել են երկշաբաթյա պարբերականությամբ աշխատանքային խորհրդակցությունները ՀՀ մարզպետների հետ: Մինչ օրս կայացել նախարար-մարզպետ ձևաչափով 5 խորհրդակցությունների, որոնք հնարավորություն են ընձեռել հետևել դրանց ընթացքում տրվելիք հանձնարարականների կատարման ընթացքին, արագ և օպերատիվ կերպով լուծել առկա խնդիրները:

Հունիսի 29-ին տեղի է ունեցել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման ու Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարությունների կողմից համատեղ անցկացվող ամենամյա հայ-ռուսական միջտարածաշրջանային 7-րդ համաժողովը։ Ստորագրվել է Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև միջտարածաշրջանային համագործակցության ծրագրի 2018-2021թթ. իրականացման միջոցառումների ծրագիրը։ Համաձայնագիր է ստորագրվել նաև տեղեկատվական անվտանգության ոլորտում Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի և ռուսական Այ Բի խմբի միջև փոխգործակցության վերաբերյալ։

Հուլիսի 8-ին նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Ռուսաստանի հայերի միության կողմից կազմակերպված ՀՀ սահմանամերձ համայնքների զարգացման ու ամրապնդման հիմնախնդիրների լուծմանը նվիրված գործարար համաժողովին, որի նպատակն է ներգրավել առաջատար ռուսաստանցի գործարարների՝ սահմանամերձ համայնքներում ներդրումներ կատարելու համար: Համաժողովի ընթացքում նախարարը գործարարներին հորդորել է, որ օգնություն ցույց տալուց անցում կատարեն Հայաստանում ներդրում կատարելուն:

Հուլիսի 11-12 աշխատանքային այց է իրականացրել Արցախի Հանրապետություն, հանդիպումներ ունեցել ԱՀ նախագահի, պետական նախարարի, գյուղատնտեսության նախարարի հետ: Այցի արդյունքներում Արցախի Հանրապետության գործընկերների հետ պայմանավորվածություն են ձեռք բերել աշխատանքային քննարկում կազմակերպել վարչատարածքային բարեփոխումների շուրջ փորձի փոխանակման վերաբերյալ:

Հուլիսի 27-ին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի նախաձեռնությամբ Սյունիքի մարզի Գորիս համայնքում արցախցի գործընկերների համար կազմակերպվել է «ՀՀ վարչատարածքային բարեփոխումներ․ ձեռքբերումներ և անելիքներ» թեմայով շնորհանդես-քննարկում, որին մասնակցել են Արցախի Հանրապետության պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը, Արցախի հանրապետության ԱԺ պատգամավորներ, ՏԿԶ նախարարության, Սյունիքի մարզպետարանի, Հայաստանի և Արցախի տարբեր համայքների և վարչական շրջանների պաշտոնատար անձինք։

Վարչապետին ուղեկցել է վերջինիս՝ Սյունիքի (hուլիսի 7-8) և Տավուշի (օգոստոսի 11-12) մարզի համայնքների այցերի ընթացքում:

Հուլիսի 20-ին Սուրեն Պապիկյանը հանդիպել է «Սանիտեք» ընկերության գործադիր տնօրեն Նիկոլաս Էլ Թավիլի և Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանի հետ։

Նախարարն իր մտահոգություններն է հայտնել քաղաքի սանիտարահիգիենիկ անմխիթար վիճակի և աղբահանության ոչ պատշաճ իրականացման կապակցությամբ։

Նախարարի հանձնարարությամբ «Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը նախաձեռնել է համայնքների հողի և գույքի օտարման միասնական առցանց տեղեկատվական հարթակի ու համայնքների անձնագրերի կազմման գործընթաց: Առաջինը ենթադրում է, որ յուրաքանչյուր համայնք տարվա սկզբում պետք է ներկայացնի օտարման ենթակա այն գույքի, այն հողերի ցանկը, որ այդ տարի ենթադրվում է, որ պետք է օտարվի: Պետք է նշվի նաև օտարման արդյունքում ստացվող ակնկալիքները ինչ են տալու համայնքին, և որտեղ են օգտագործվելու առաջացած ֆինանսական միջոցները: Սա երկու հիմնական խնդիր է լուծում. մի կողմից խնամի-ծանոթ-բարեկամների համար համայնքապետերի թեթև ձեռքով ավագանու որոշմամբ հողակտոր օտարելու հարցը, իսկ մյուս կողմից ստեղծում նոր ներդրումների հնարավորություն /տեղի և արտերկրի ներդրողների ներգրավմամբ/: Ինչ վերաբերում է գյուղական անձնագրին, ապա այն արտացոլելու է համայնքի ընդհանուր պատկերը՝ բնակլիմայական պայմանները, ժողովրդագրական պատկերը, համայնքում առկա ռեսուրսը և զարգացման հնարավորությունները:

Մասնակցություններ մի շարք ծրագրերի ու կենտրոնների բացմանը, մասնավորապես՝ Ամասիա համայնքում Եվրամիության կողմից համաֆինանսավորվող «ԵՄ-ն Շիրակի մարզին։ Նոր աշխատատեղեր շնորհիվ բրդի արտադրության» ծրագրի, Ստեփանավանում քաղաքացիների սպասարկման գրասենյակի, Դեբեդ համայնքում COAF Smart Center-ի բացման հանդիսավոր արարողություններին:

Համայնքներում կրթության զարգացման շրջանակներում նախարարը հուլիսի 25-ին այցելել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, հուլիսի 31-ին հանդիպում-զրույց է ունեցել «Դասավանդիր, Հայաստան» ծրագրի ղեկավար թիմի հետ:

Տեղեկատվություն

հաշվետու 100-օրյա ժամանակահատվածում տարածքային կառավարման ոլորտում իրականացված ծրագրերի արդյունքների վերաբերյալ

Համայնքներին սուբվենցիաների տրամադրման գործընթաց

ՀՀ տարածքային համաչափ զարգացումն ապահովելու` ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացման նպատակով շարունակվում է համայնքներին սուբվենցիաների տրամադրման գործընթացը` նպատակաուղղված ՀՀ համայնքների ճանապարհների, այգիների, հրապարակների կառուցմանն ու վերանորոգմանը, էներգախնայող լուսավորության անցկացմանը, հանրային և համայնքային շենքերի վերանորոգմանը, խմելու և ոռոգման ջրագծերի կառուցմանն ու վերանորոգմանը և այլն:

Մինչ այժմ հավանության է արժանացել համայնքների կողմից ներկայացված թվով 117 ծրագիր, որից 33-ը` 2018 թվականի հուլիսի 13-ին կայացած միջգերատեսչական հանձնաժողովի կողմից: 117 ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 4,54 մլրդ ՀՀ դրամ, որից պետական բյուջեի համաֆինանսավորման չափը` 1,4 մլրդ ՀՀ դրամ:

Հավանության արժանացած վերոհիշյալ ծրագրերից 2018 թվականի օգոստոս ամսին ՀՀ պետական բյուջեից կհամաֆինանսավորվի 50 ծրագիր` 596,0 մլն ՀՀ դրամ արժեքով` նպատակաուղղված համայնքների ճանապարհների, հրապարակների, մանկապարտեզների, մշակութային տների կառուցմանն ու վերանորոգմանը, էներգախնայող լուսավորության անցկացմանը, խմելու և ոռոգման ջրագծերի կառուցմանն ու վերանորոգմանը:

Գործընթացի շրջանակներում մոտակա օրերին նախատեսվում է ևս 100 ծրագրի քննարկում` 1,7 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով, որից ՀՀ պետական բյուջեի համաֆինանսավորման չափը կկազմի մոտ 1,0 մլրդ ՀՀ դրամ:

ՀՀ մարզերի համայնքներում առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների վերաբերյալ

ՀՀ մարզերի համայնքներում անհրաժեշտ տնտեսական միջավայրի բարելավման համար նախատեսվում է իրականացնել թվով շուրջ 230 ծրագիր՝ ավելի քան 4,5 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով, որից՝ մոտ 570 մլն դրամը կտրամադրվի համայնքային բյուջեներից: Վերոնշյալ ծրագրերից նախագծա-նախահաշվային փաստաթղթեր ունեն թվով 43-ը։ Ծրագրերը հիմնականում ուղղվելու են հանրակրթական, նախադպրոցական, առողջապահական հաստատությունների, ջրամատակարարման, ոռոգման ցանցերի վերանորոգմանը։

Միավորված բազմաբնակավայր համայնքներում իրականացված ծրագրեր

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի «ՏԻՄ բարեփոխումների աջակցության ծրագրի» շրջանակներում Աշոցք, Ուրցաձոր, Գորայք, Ջերմուկ, Զառիթափ, Տեղ, Կողբ, Նոյեմբերյան և Այրում (թվով 9) միավորված բազմաբնակավայր համայնքներին տրամադրվել է 36 միավոր տեխնիկա (ավտոգրեյդերներ, հող հարթեցնող տապաններ, տրակտորներ, խոտհնձիչներ, բեռնատար ինքնաթափեր, հացահատիկային կոմբայններ և այլն):

Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հետ համատեղ, «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում քաղաքացիների սպասարկման գրասենյակներ են հիմնվել Ստեփանավան և Կողբ միավորված բազմաբնակավայր համայնքներում: Նույն ծրագրի շրջանակներում Կապան, Սիսիան, Տեղ, Ապարան, Արագածավան, Բյուրեղավան, Ջրվեժ, Չարենցավան, Եղվարդ, Անի, Արենի և Օձուն համայնքներում ներդրվել է համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ (ՀԿՏՀ), որի շնորհիվ համայնքային վարչական ծառայություններն հավասարապես հասանելի են դառնում համայնքի կենտրոնում և բնակավայրերում: Տեղեկատվական համակարգերի շահագործման նպատակով ուսուցանվել են 330 համայնքային ծառայող:

 

 

Լրահոս

Դիտել ավելին