Կարևոր իրադարձություններ

ՔԿԾ պետն այցելել է «Արթիկ» ՔԿՀ

16 Օգոստոս, 2018 22:20
ՔԿԾ պետն այցելել է «Արթիկ» ՔԿՀ

Օգոստոսի 16-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանը ծառայության ղեկավար անձնակազմի հետ աշխատանքային այցով եղել է «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում:

Ինչպես հայտնում են ՀՀ ԱՆ ՔԿԾ հանրային կապերի բաժնից, հիմնարկի վարչական շենքի դահլիճում Ա. Մխոյանը հիմնարկի վարչակազմինէ  ներկայացրել հիմնարկի նորանշանակ պետ, արդարադատության փոխգնդապետ Ժորժիկ Վարագյանին: Շնորհավորելով վերջինիս և խոսքն ուղղելով ներկաներին՝ ծառայության պետը պահանջել է լինել ազնիվ, հարգել դիմացինի իրավունքները, արժանապատվությունը և աշխատել արդար՝ բարձր դասելով պետության շահերը. 

«Մեր առաջնային պահանջը կոռուպցիայի իսպառ վերացումն է իր բոլոր դրսևորումներով… Մյուս կարևոր պահանջը հիմնարկներում հանցավոր ենթամշակույթի և հիերարխիկ հարաբերությունների ձևավորումն արմատախիլ անելն է,-նշել է Ա. Մխոյանը՝ հավելելով,- գործում եք բացառապես օրենքի դաշտում, քանի որ հանրության սպասելիքները համակարգից մեծ են:

 
 

Անհրաժեշտ է նախկինում ձևավորված կարծրատիպերը կոտրել, իսկ բարեփոխումները պետք է տեսանելի դառնան հասարակությանը»: 

Ծառայության պետը վարչակազմին առաջարկել է նաև մտածել հիմնարկում նոր արտադրություն հիմնելու մասին՝ ապահովելու համար դատապարտյալների զբաղվածությունը. «Ծրագրերը շատ են, մենք պատրաստ ենք լսելու, քննարկելու և ընթացք տալու աշխատանքների բարելավմանն ուղղված բոլոր առաջարկները»: 

Այնուհետև Ա. Մխոյանը շրջայց է կատարել քրեակատարողական հիմնարկի տարածքում, եղել հանձնուքների ընդունման սենյակում, բնակելի գոտում, ճաշարանում, որտեղ հետևելով սննդի, հացի պահման պայմաններին և որակին, ճաշարանի մաքրությանը՝ հայտնել իր գոհունակությունը: 

Ծառայության պետը շրջել է խցերում, ուշադրություն դարձրել այնտեղ առկա կահավորմանը, պահանջել հետևել ջրի և էլեկտրաէներգիայի սպառմանը, չգերազանցել կառավարության որոշմամբ սահմանված չափաքանակները, բացառել անտեղի վատնումը: Խոսել է դատապարտյալների հետ, լսել վերջիններին հուզող առաջնային հարցերը, տվել սպառիչ պատասխաններ: Ա. Մխոյանն այցելել է նաև սպորտդահլիճ, եղել դատապարտյալների համար նախատեսված հանգստի սենյակում: Հանդիպել է կալանավորված անձանց, հետաքրքրվել պահման պայմաններից, նրանց հուզող խնդիրներից: 

Շրջայցի ավարտին ծառայության պետ Ա. Մխոյանը տվել է համապատասխան հանձնարարականներ, ինչպես նաև պահանջել շարունակել ծառայությունը նույն ոգով և բարեխղճությամբ` բարձր պահելով ծառայողական կարգապահությունը և ծառայողի արժանապատվությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին