Կարևոր իրադարձություններ

Փաստաբանների թիմն ուղղակի ջախջախել է ինձ առաջադրված մեղադրանքը. Ռ. Քոչարյան

16 Օգոստոս, 2018 21:30
Փաստաբանների թիմն ուղղակի ջախջախել է ինձ առաջադրված մեղադրանքը. Ռ. Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ, «Մարտի 1-ի» գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության եթերում հարցազրույցի ընթացքում նշեց,որ  չի կարծում, թե շատերն են ոգևորվել իրեն կալանավորելու որոշումից: 


«Առաջինը չեմ ընդունում շատերի որակումը. կա ագրեսիվ փոքրամասնություն, որը կարող է տպավորություն թողնել շատեր որակելու համար: Չեմ կարծում, որ շատերը... հեղափոխական ակտիվիստներն են, այն մարդիկ են, որոնք տարիներ շարունակ եղել են իմ դեմ: Վերջապես ես երկու ընտրություններով անցել եմ, և բնակչության 36 տոկոսը ինձ դեմ է քվեարկել, քվեարկել է այլ թեկնածուի օգտին: 

Ենթադրում եմ, որ բավական քանակի մարդիկ կան ՀՀ-ում, որոնք ինձ չեն ընդունում ինչ-ինչ պատճառներով, բայց ես համոզված եմ՝ կան նաև բազմաթիվ, ավելի շատ մարդիկ, որոնք ընդունում են և հիշում են այն տարիները, որ ես նախագահ եմ եղել, լավ հիշողություններով են հիշում»,-շեշտեց նա:

Երկորդ նախագահը հորդորեց, որպեսզի լրագրողները պահանջեն, որպեսզի հանվի նախաքննության գաղտնիքը: Նա նշեց, որ այդ դեպքում ակնհայտ կդառնա, որ գործը շինծու է, քաղաքական հետպնդման համար է: 

«Փաստաբանների թիմը, որին նաև ակտիվ ես էի մասնակցում, ուղղակի ջախջախել են մեղադրանքը, քարը քարին չեն թողել այդ մեղադրանքից: Սա այն դեպքը չէ, որ ասես՝ մեղադրանքի այս կամ այն դրվագը թույլ է կամ ուժեղ է: Սա այն դեպքն է, երբ ամբողջ մեղադրանքը կառուցված է կեղծ, արհեստական ապացույցների վրա, ավելի շատ՝  եզրակացությունների վրա», - ասաց ՀՀ երկրորդ նախագահը:

Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ այս պահին կոնտեքստից դուրս հատվածներ են գործից ներկայացվում: 
Դիտարկմանը, թե Հատուկ քննչական ծառայության պետը բավականին բաց խոսում է գործի մասին, Ռ. Քոչարյանն արձագանքեց. «Ինքն իրեն այնպիսի բաներ է թույլ տալիս, որոնք ուղղակի հակասության մեջ են օրենքի հետ, բայց տվյալ դեպքում օրենքն ինքն է, ու ինքը համարում է, որ օրենքից դուրս է ու ավելի բարձր է կանգնած. կարծում եմ՝ սա է պատճառը», - ասաց Ռ. Քոչարյանը:
 

Լրահոս

Դիտել ավելին