Կարևոր իրադարձություններ

Սասուն Խաչատրյանը ներկայացրել է Ռոբերտ Քոչարյանի կալանքը վերացնելու որոշումն ապօրինի համարելու հիմքերը

16 Օգոստոս, 2018 15:05
Սասուն Խաչատրյանը ներկայացրել է Ռոբերտ Քոչարյանի կալանքը վերացնելու որոշումն ապօրինի համարելու հիմքերը

Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը մանրամասնել է ծառայության տարածած հայտարարությունն այն մասին, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը վերացնելու Վերաքննիչ դատարանի որոշումն ապօրինի է, իսկ Վերաքննիչ դատարանը դուրս է եկել իր լիազորությունների շրջանակներից: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Սասուն Խաչատրյանն ընդգծեց, որ առաջին հանգամանքը, որի համար նման հայտարարություն են արել այն է, որ այդ որոշումը կայացվել է բացարկման ենթակա դատավորի կողմից, այսինքն՝ հարցը քննվել է դատարանի ոչ օրինական կազմով:

«Դատավոր Ալեքսանդր Ազարյանը նիստի մեկնարկին հայտարարել է, որ ինքն աշխատել է երկրորդ նախագահի աշխատակազմում, նաև հայտարարել է, որ թեև աշխատել է, սակայն այս գործի քննության հետ կապված կաշկանդվածություն չունի: Ես չէի խոսի նրա անկողմնակալության մասին, եթե լիներ միայն այս փաստը: Նա պետք է այս գործով ինքնաբացարկ հայտներ, որովհետև նա մարտի 1-ի գործերով կայացրել է 9 մեղադրական վճիռ: Եվ այնպիսի ձևակերպումներով, որոնցով մարդիկ դատապարտվել են: Նա այդ դատավճիռներում խաղաղ ցուցարարներին բնութագրել է որպես ամբոխ, որպես զանգվածային անկարգությունների մասնակից, ովքեր հրկիզել են, ջարդել են: Այսինքն, նա այդ համոզմունքի կրողն է, և այդ պարագայում նա պարտավոր էր ինքնաբացարկ հայտնել: Եթե չէր հայտնում ինքնաբացարկ, նա պարտավոր էր այս փաստերի մասին բարձրաձայնել, որից հետո ես համոզված եմ, որ դատախազության ներկայացուցիչները նրան ինքնաբացարկի միջնորդություն կներկայացնեին, իսկ ՀՔԾ ներկայացուցիչները որոշ հայտարարություններով հանդես կգային»,- մանրամասնեց Խաչատրյանը:

Նա հավելեց, որ Ալեքսանդր Ազարյանը, օգտվելով այն հանգամանքից, որ Վերաքննիչ դատարանի նախագահը գտնվել է արձակուրդում, իսկ ինքը ժամանակավորապես կատարել է դատարանի նախագահի պարտականությունները, մակագրել է այս գործը ինքն իրեն, կողմերին տեղյակ չի պահել, որ ինքը մարտի 1-ի գործով վերը նշված ձևակերպումներով մարդկանց է դատապարտել: «Այսինքն, չհայտնելով այն մասին, որ ինքն արդեն իսկ կանխակալ վերաբերմունք ունի այս գործի, այդ դեպքերի վերաբերյալ, նա այս գործով որոշում է կայացրել: Ես կարծում եմ, որ այս դատավորը կանխակալ կարծիք է ունեցել, այսինքն` հարցը քննվել է դատարանի ոչ օրինական կազմով, որը այդ վճիռը բեկանելու հիմք է»,- ասաց ՀՔԾ պետը:

Սասուն Խաչատրյանը շարունակեց պնդել, որ Վերաքննիչ դատարանը դուրս է եկել իր լիազորություններից: Նա մանրամասնեց, որ Վերաքննիչ դատարանը պետք է քններ առաջին ատյանի դատարանի որոշման օրինականության հարցը: «Այսինքն` պետք է հստակ երկու հարցի պատասխաներ՝ առկա՞ է արդյոք հիմնավոր կասկածը, այսինքն՝ կալանավորման պայմանը, և առկա՞ է արդյոք կալանավորման հիմքը:  Դատարանը մեղադրանքին չպետք է անդրադառնար: Նա կարող էր մեղադրանքին անդրադառնալ միայն այն դեպքում, երբ լիներ ակնհայտ անհամապատասխանություն առաջադրված մեղադրանքի բովանդակության և նրան առաջադրված քրեական օրենսգրքի հոդվածով նախատեսված հանցակազմերի միջև»,- ընդգծեց ՀՔԾ պետը:

Նա մանրամասն ներկայացրեց նաև, թե ինչ է իրենից ներկայացնում հիմնավոր կասկածը: ՀՔԾ պետի խոսքով՝ հիմնավոր կասկածն այն ապացուցողական ստանդարտն է, որի պայմաններում կողմնակի դիտորդի մոտ առաջանում է համոզմունք, որ անձը, որին մեղսագրվում է արարքը,  առնչություն ունի այդ արարքի հետ: «Ուշադրություն դարձրեք, չի խոսվում այն մասին, որ անձը մեղավոր է, չի խոսվում այն մասին, որ անձի մեղավորության մասին կա ապացույցների բավարար համակցություն, ընդամենը խոսվում է այն մասին, որ անձն առնչությունի ունի իրեն մեղսագրվող արարքին»,- եզրափակեց Սասուն Խաչատրյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին