Կարևոր իրադարձություններ

Օգոստոսի 17-ին ակտիվորեն մասնակցեք վարչապետ Փաշինյանի հանրահավաքին. Ազատամարտիկների դաշինք

15 Օգոստոս, 2018 21:00
Օգոստոսի 17-ին ակտիվորեն մասնակցեք վարչապետ Փաշինյանի հանրահավաքին. Ազատամարտիկների դաշինք

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Սիրելի հայրենակիցներ.

Ազատամարտիկների Դաշինքը անվերապահորեն սատարում է Հայաստանում ձևավորված նոր իշխանությանը և կոչ է անում օգոստոսի 17-ին ակտիվորեն մասնակցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին:

Բոլորս, բացառությամբ վերջին երկու տասնամյակների ընթացքում ձևավորված կլանի անդամների ու նրանց արբանյակների, մեր համառ ջանքերի և ի վերջո աննախադեպ միասնականության շնորհիվ, մոտեցրինք այն օրը, որը Նիկոլ Փաշինյանի և իր թիմի շնորհիվ պիտի վերածվեր համազգային տոնախմբության: Այժմ ունենք նոր իրավիճակ, որն արմատապես տարբերվում է նախորդներից. տարբերվում է ապագայի տեսլականով, իշխանության գործառույթների տրամաբանությամբ, մեր ժողովրդի վերջին տարիների մտահոգություններին լուծում տալու, իրապես ժողովրդավար և բարեկեցիկ հայրենիք-պետություն ունենալու պատրաստակամությամբ:

Ազատամարտիկներ Դաշինքը գտնում է, որ անցած 100 օրերի ընթացքում տեղի ունեցածը ինքնիշխան ու ժողովրդավար պետություն ունենալու ճանապարհի առաջին, բայց ոչ ամենադժվար փուլն է: Մենք հիմա ավելի լուրջ խնդիր ունենք, այն է՝ տեղի ունեցած իրողությունն անշրջելի դարձնելը, ինչը մեր համոզմամբ ավելի մեծ ջանքեր ու եռանդ է պահանջում: Անցած տարիների փորձը հուշում է, որ այսպիսի իրավիճակներում նախկին իշխանության վերնախավի և նրանց տանիքի տակ տաքացածների մոտ սկսում է գլուխ բարձրացնել ռևանշի ցանկությունը, այսպես կոչված հակահեղափոխականությունը: Հաշվի առնելով նախկինների դեռևս չհայտնաբերված ու չվերադարձված ահռելի ֆինանսական հնարավորությունները, լրատվական դաշտում գլուխ բարձրացրած որոշ ծախու լրատվամիջոցների բացահայտ հակահեղափոխական վայնասունը և քաղաքական դաշտում դեռևս գործող իրենց կողմնակիցների ակտիվությունը, սա կարող է լուրջ մարտահրավեր դառնալ նոր իշխանությունների և Հայաստանի ապագայի համար:

Ազատամարտիկների Դաշինքը խորապես համոզված է, որ այսպիսի գործընթացների ժամանակ գլուխ են բարձրացնում նաև բազմաթիվ պատեհապաշտներ, ովքեր ամենահեղափոխականների դիմակով, տարբեր ճանապարհներով սողոսկում են պետական համակարգ և արդեն ներսից վարկաբեկում նոր իշխանությանը: Մենք հասկանում ենք նաև, որ բազմաթիվ կուտակված խնդիրների լուծումը ժամանակ է պահաջոմ: Գտնում ենք, որ կոռուպցիայի և մոնոպոլ տնտեսության դեմ պայքարում կառավարության ձեռնարկած քայլերը հանգեցնելու են տնտեսության իրական ակտիվացմանը և ժողովրդի բարեկեցության շոշափելի բարձրացմանը: Վստահ ենք, որ մեր մտահոգությունները կիսում են նաև նոր կառավարության հաջողությամբ շահագրգիռ բոլոր քաղաքացիները, ուստի, կոչ ենք անում՝ օգոստոսի 17-ին ակտիվորենմասնակցել Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին՝ ռևանշի հույսեր փայփայողներին ցույց տալու մեր միասնականությունն ու միասին ուղենշելու մեր հետագա քայլերը: 

Ազատամարտիկների Դաշինքի խորհուրդ

 

Լրահոս

Դիտել ավելին