Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանի հետագա ճակատագիրը որոշվելու է այս ուրբաթ

15 Օգոստոս, 2018 18:11
Նիկոլ Փաշինյանի հետագա ճակատագիրը որոշվելու է այս ուրբաթ

Օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում կայանալիք վարչապետի կառավարման 100 օրը ոչ միայն հաշվետու հանրահավաք է լինելու, այլև՝ ստուգում: Այդ օրը Մոսկվայում, մնացած մայրաքաղաքներում, ինչպես նաև մրցակից քաղաքական ուժերում կհասկանան, թե ինչ ճակատագիր է սպասվում Նիկոլ Փաշինյանի իշխանությանը: Ձեռքի հետ էլ պարզ կդառնա՝ Նիկոլ Փաշինյանի ղեկավարման արդյունքները գոհացնում են քաղաքացիներին, թե՞ ոչ։

Վարչապետի ուղիղ եթերների հետևորդների քանակը ցույց է տալիս, որ քաղաքացիների մի հոծ զանգված դեռևս դրական է վերաբերվում Փաշինյանի իշխանությանը, իսկ այդ բազմության մի մասն էլ անհամբեր սպասում է Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքին։ Վարչապետ Փաշինյանն էլ արդեն երկու ուղիղ եթեր է նվիրել այդ հանրահավաքին՝ ցույց տալով, որ շատ է կարևորում ու սպասում քաղաքացիների հետ հանդիպմանը՝ ավելի ճիշտ նրանցից ևս մի անգամ վստահության քվե ստանալուն։ Ֆեյսբուքյան տիրույթում արդեն իսկ event-ներ (հրավեր) են բացվել քայլերթով կամ ավտոերթով հանրահավաքին մասնակցելու համար։ Բայց տարվա ամենակարևոր հարցը մնում է` ի վերջո քանի՞ մարդ կմասնակցի այդ հանրահավաքին, ինչից էլ կախված է, թե քանի օր կամ տարի կտևի Փաշինյանի պաշտոնավարումը:

 Հաշվի առնելով տարբեր ուժերի կողմից բնական ու արհեստական եղանակներով բարձրացվող, կառավարությանը և վարչապետին ուղղված քննադատության անվերջանալի ալիքները՝ Նիկոլ Փաշինյանն առվել, քան երբևէ ունի ուժեղ քաղաքական հենարանի կարիք: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների թիվը օր օրի աճում է, բայց դա այն հենարանը չէ, որը կօգնի երկարաձգել Փաշինյանի իշխանությունը: (Իշխանություն վերցրած բոլոր կուսակցություններն էլ ստանում են իրենց թվի ժամանակավոր այդ հավելումը՝ ի հաշիվ հոսուն ու անսկզբունք քաղաքական մի զանգվածի:) Նիկոլ Փաշինյանի համար քաղաքական հենարան չեն նույնիսկ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու Ելք դաշինքի մյուս երկու ուժերը, որոնց հետ ձևավորված է ոչ թե նույնիսկ կոալիցիոն կառավարության, այլ՝ համաձայնության կառավարություն: (Այստեղ հարաբերություններն այնքան բարդ են, որ մի առանձին վերլուծության թեմա են:) Փաշինյանը չի կարող հենվել նախկին ֆեոդալական համակարգի գրեթե ոչ մի օլիգարխի վրա, ում ձեռքին են դեռ երկրի ռեսուրսների առնվազն 90 տոկոսը: (Նա այս 100 օրերի ընթացքում ի շահ «ժողովրդի» տրորեց նրանց մեծ մասի ոտքերը:) Թվում է, թե նա չի կարող հենվել նաև արտաքին կենտրոնների վրա՝ և հատկապես Լավրովի հետ լեզվակռվից ու Եվրամիության վրա «փողային մուննաթից» հետո:

Մնում է միայն մեկ բան և այդ մեկը՝ դու ես… Ավելի ճիշտ ֆեյսբուքից, «դիվանից», արձակուրդից կտրված, վերջին 100 օրը ոչ մի բանից չհիասթափված, Նիկոլին սիրող ու հավատացող ամեն մի քաղաքացին, որ կգնա ու կկանգնի Հանրապետության հրապարակում: Եթե նույնիսկ շատերը գնան, բայց լցնեն միայն հրապարակի կեսը, դա արդեն լուրջ ազդակ և մեսիջ կդառնա, թե՛ Փաշինյանին, և թե՛ նրա հակառակորդներին: Դեռ երբեք Նիկոլ Փաշինյանն այսքան կարիք չի ունեցել ժողովրդի աջակցության, որքան այսօր: Կստանա ու կշարունակի, թե՞ կտապալվի՝ պարզ կլինի 2018 թվականի օգոստոսի 17-ին։

Շաբաթի խմբագրական

 

Լրահոս

Դիտել ավելին