Կարևոր իրադարձություններ

Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձ է հղել

11 Օգոստոս, 2018 23:40
Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձ է հղել

Խոր ցավով տեղեկացա քանդակի մեծ վարպետ, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս Նիկողայոս Նիկողոսյանի մահվան մասին: 

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից: Նա ծնվեց Հայաստանում, ապրեց Հայաստանից դուրս, բայց միշտ կապված մնաց իր հայրենիքին ու մեծ հետք թողեց ոչ միայն հայ քանդակագործական արվեստում, այլև իր մոնումենտալ ու մոնումենտալ-դեկորատիվ ստեղծագործություններով յուրօրինակ հմայք հաղորդեց Երևանի գեղեցիկ դիմագծին:

Հայաստանի մայրաքաղաքն այսօր դժվար է պատկերացնել առանց Միքայել Նալբանդյանի, Եղիշե Չարենցի, Վահան Տերյանի, իսկ Գյումրին՝ առանց Ավետիք Իսահակյանի արձանների, որոնք Նիկողայոս Նիկողոսյանը կերտեց ականավոր ճարտարապետ Ջիմ Թորոսյանի ընկերակցությամբ:

Միաժամանակ նրա բազմաթիվ աշխատանքներ ցուցադրվում են Հայաստանի ազգային պատկերասրահում և Տրետյակովյան պատկերասրահում:

Հայաստանում միշտ սիրել ու բարձր են գնահատել Նիկողայոս Նիկողոսյանի  արվեստն ու կապվածությունը հայրենիքին, ինչի վկայությունն են նրան շնորհված Հայաստանի Հանրապետության «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» և Հայ Առաքելական եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշանները:

Հայրենի մշակույթի համար ծանր կորստի այս պահին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Նիկողայոս Նիկողոսյանի հարազատներին ու մերձավորներին և  կիսում նրանց վիշտը:

Վստահ եմ, որ Նիկողայոս Նիկողոսյանի ստեղծագործական ուրույն ոճն իր շարունակությունն ու զարգացումն է գտնելու հայ քանդակագործական արվեստում: 

 

Լրահոս

Դիտել ավելին