Կարևոր իրադարձություններ

Նոր պատժամիջոցները սպառնում են Ռուսաստանի հասարակ քաղաքացուն

11 Օգոստոս, 2018 22:40
Նոր պատժամիջոցները սպառնում են Ռուսաստանի հասարակ քաղաքացուն

Ռուսական ռուբլին վերջին օրերի ընթացքում իջավ` հասնելով անցած երկու տարիների ընթացքում ամենացածր մակարդակին, երբ Միացյալ Նահանգները չորեքշաբթի օրը նոր պատժամիջոցներ սկսեց ընդդեմ Մոսկվայի: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:

 

Ռուսաստանը հերքում է թունավոր նյութով սպանություններ իրականացնելու մասին մեղադրանքները եւ միեւնույն ժամանակ հայտարարում իր կողմից իրականացվելիք պատասխան քայլերի մասին:
Ռուսաստանն ԱՄՆ-ի ու Եվրոպական միության պատժամիջոցների տակ հայտնվեց դեռեւս 2014-ին` Ուկրաինայից Ղրիմն իրեն բռնակցելուց հետո: Պատժամիջոցներ, որոնք մեծապես են վնասել այս երկրի տնտեսությունը:

Ինչպես Ռոյթըրզ գործակալության տնտեսական հարցերով փորձագետ Դմիտրի Ժդաննիկովն է ասում, Ռուսաստանի ամենամեծ ընկերության` «Ռոսնեֆտ»-ի շուկայական արժեքը կազմում է 60-70 միլիարդ դոլար, այն դեպքում..

«Այն դեպքում, երբ ԱՄՆ-ում գրեթե նույն կարողությամբ «Էքսոն-Մոբիլ»-ի արժեքը հասնում է 350 միլիարդի»:

Կրեմլի խոսնակը փորձում է վստահեցնել ռուսներին, որ երկրի ֆինանսական համակարգը մնում է կայուն: Սովորական քաղաքացիներն էլ այստեղ կարծես թե չունեն մեծ մտահոգություններ այս ուղղությամբ:

 

«Մեր երկիրը պիտի արհամարհի բոլոր այս պատժամիջոցները: Մենք շարունակում ենք ապրել այնպես, ինչպես ապրել ենք: Իսկ պատժամիջոցները չեն ազդելու ո՛չ մեր տնտեսության, ո՛չ էլ մեր ամենօրյա կյանքի վրա»,- ասում է նրանցից Արկադի Լյուբարշկիխը:

Ֆինանսական կորուստները սակայն նախագահ Պուտինին հետ չեն պահում Ուկրաինայի արեւելքում իրականացված ներխուժումը շարունակելուց եւ այլ երկրների քաղաքական գործընթացներին միջամտելուց: Եվ վերլուծաբաններից շատերն են ասում, որ պատժամիջոցները չեն տալիս ցանկալի արդյունքը:

«Արեւմուտքը հույս ուներ, որ որքան ճնշում բանեցնի Պուտինի վրա ու որքան խստացնի պատժամիջոցները, այնքան ավելի մեծ դժգոհություն կառաջանա Ռուսաստանի քաղաքական կյանքում ու բիզնես շրջապատում, ինչը կստիպի Պուտինին հրաժարվել իր ուղուց: Սակայն դա տեղի չի ունենում: Ավելին` անցած չորս տարիներին ականատես ենք եղել հակառակ ազդեցության»:

Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներն ուժի մեջ են մտնելու օգոստոսի 22-ից: Նախորդների համեմատ դրանք շատ ավելի խիստ են, ու կա կարծիք նաեւ Ռուսաստանում, որ դրա դիմաց վճարելու է հասարակ քաղաքացին:

 

Լրահոս

Դիտել ավելին