Կարևոր իրադարձություններ

Դավիթ Տոնոյանը ՌԴ ՊՆ Սերգեյ Շոյգուին ներկայացրել է Նախիջևանյան ուղղությամբ տիրող իրավիճակը

11 Օգոստոս, 2018 21:43
Դավիթ Տոնոյանը ՌԴ ՊՆ Սերգեյ Շոյգուին ներկայացրել է Նախիջևանյան ուղղությամբ տիրող իրավիճակը

Այսօր՝ օգոստոսի 11-ին, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Մոսկվա կատարած այցի շրջանակներում պաշտոնական հանդիպում է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ։ 

Ինչպես ֆեյսբուքյան էջում հայտնել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, հանդիպման ընթացքում քննարկվել են հայ- ռուսական երկկողմ ռազմաքաղաքական, ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ընթացիկ խնդիրներն ու առաջիկա անելիքները։ Կողմերն անդրադարձել են նաև միջազգային կազմակերպությունների, մասնավորապես՝ ՀԱՊԿ- ի շրջանակներում համատեղ ծրագրերին։  

Անդրադառնալով Հարավային Կովկասում, Մերձավոր Արևելքում և ՀԱՊԿ պատասխանատվության գոտում տիրող իրավիճակին՝ երկու երկրների պաշտպանության նախարարները կարևորել են փոխադարձ վստահության և համատեղ ռազմավարական դաշնակցային շահերի վրա հիմնված պայմանավորվածությունների հետևողական կյանքի կոչումը։  

Դավիթ Տոնոյանն իր գործընկերոջն է ներկայացրել արցախա- ադրբեջանական ուժերի շփման գծում և հայ- ադրբեջանական պետական սահմանին, մասնավորապես՝ Նախիջևանյան ուղղությամբ տիրող իրավիճակը։ Իր հերթին հայկական կողմի խնդրանքով ՌԴ պաշտպանության նախարարը ներկայացրել է Սիրիայում տիրող օպերատիվ և հումանիտար իրավիճակը։ Պարոն Տոնոյանը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության կողմից Սիրիայի ժողովրդին տեղում համակողմանի մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու մտադրությունը։  

Խոսելով ռազմատեխնիկական համագործակցության խնդիրների շուրջ՝ ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարները կարևորել են այս ոլորտում առկա ծրագրերի ժամանակին իրականացումը։ 
Հանդիպմանը ՀՀ պաշտպանության նախարարն իր գործընկերոջը շնորհակալություն է հայտնել նաև Համաբանակային խաղերի փայլուն կազմակերպման համար և շնորհավորել ՌԴ ԶՈՒ թիմերի գերազանց ելույթների կապակցությամբ։

 

Լրահոս

Դիտել ավելին