Կարևոր իրադարձություններ

Պայքարելու եմ մինչև վերջ. Տիգրան Աթանեսյանը պատասխանել է Փաստաբանների պալատի որոշմանը

11 Օգոստոս, 2018 19:53
Պայքարելու եմ մինչև վերջ. Տիգրան Աթանեսյանը պատասխանել է Փաստաբանների պալատի որոշմանը

2018 թվականի օգոստոսի 11-ին Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհուրդը, քննելով քաղաքացի Վիլեն Մամիկոնի Գայֆեջյանի բողոքի և զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների հիման վրա հարուցված թիվ ԿԳ-18107 կարգապահական գործը, որոշել է կարգապահական պատասխանատվության ենթարկել ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Տիգրան Աթանեսյանին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ փաստաբանների պալատը:

Տիգրան Աթանեսյանը մեղավոր է ճանաչվել «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ կետի և Փաստաբանի վարքագծի կանոնակարգի 2.2.3 ենթակետի խախտումների համար, իսկ որպես կարգապահական տույժ ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը որոշել է դադարեցնել փաստաբան Տիգրան Աթանեսյանի թիվ 78 արտոնագրի գործողությունը:

Պալատը հիշեցնում է՝ փաստաբան Տիգրան Աթանեսյանի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել էր հրապարակային հարթակներում փաստաբան Տիգրան Աթանեսյանի կողմից վիրավորական գրառումներ (արտահայտություններ) և հայհոյանքներ կատարելու, ինչպես նաև կատարված հայհոյանքները և վիրավորական գրառումները կամ արտահայտություններն արդարացնելու և հրապարակային հարթակում նույն վարքագիծը շարունակելու վարքագիծը ստուգելու նպատակով:

Ծանոթություն։ Փաստաբանների պալատի խորհրդի որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով՝ այն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում: Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում բողոքարկման ժամկետն անցնելուց հետո:

Հ.Գ. ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի որոշումը լրացուցիչ կհրապարակվի:

Փաստաբանների պալատի խորհրդի որոշմանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է Տիգրան Աթանեսյանը:

«Նոր համացանցից տեղեկացա, որ փաստաբանների պալատի խորհուրդը դադարեցրել է իմ փաստաբանական արտոնագիրը: Զոհրաբյանը փորձում է հասնել իր համար այդքան բաղձալի նպատակին և վերջնականապես պատռեց իր դիմակը: Արտոնագրիս գործողությունը դրանով չի դադարում, նման որոշումները ուժի մեջ են մտնում մեկ ամիս հետո, որի ընթացքում կարող են բողոքարկվել դատարան: Բնականաբար բողոքարկելու եմ և մինչև վերջնական դատական ակտը արտոնագիրս ուժի մեջ է, առնվազն դեռ 1 կամ 1.5 տարի, ուստի հաճախորդներս կարող են չանհանգստանալ:

Ինչ վերաբերում է պալատին և դրա ղեկավարի կերպարին, ապա իմ կարծիքով ողջամիտ հանրության համար արդեն վաղուց ամեն ինչ պարզ է և հասկանալի: Պալատը պետք է կազմալուծվի որպես ավազակապետության մնացորդ և ստեղծվեն լրիվ նոր, այլ սկզբունքներով կառույցներ, հակառակ դեպքում փաստաբանությունը այս երկրում պարզապես կոչնչանա: Հավատացեք, երբեք թույլ չեմ տա նման ելք և պայքարելու եմ մինչև վերջ»,- նշել է նա:

 

Լրահոս

Դիտել ավելին