Կարևոր իրադարձություններ

Երիտասարդության միջազգային օրը մեծարելու են երիտասարդներին. ֆլեշմոբի շրջանակում շնորհվելու է «Մեր օրերի հերոս»-ի կոչում

11 Օգոստոս, 2018 14:43
Երիտասարդության միջազգային օրը մեծարելու են երիտասարդներին. ֆլեշմոբի շրջանակում շնորհվելու է «Մեր օրերի հերոս»-ի կոչում

Հայաստանում տարիների ընդմիջումից հետո երիտասարդությունը կարողացավ վերագտնել իր դերը և մեծ ազդեցություն ունենալ քաղաքական գործընթացներում: Այդ մասին է վկայում ապրիլին գրանցված թավշյա հեղափոխությունը: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ, Եվրախորհրդի  երիտասարդության հարցերով փորձագետ Ատոմ Մխիթարյանը նշեց, որ Հայաստանի անկախությունից հետո երիտասարդությունը զարգացման մի քանի փուլ է անցել: Սկզբում երիտասարդությունը տարալուծված է եղել ազգային ազատագրական շարժման մեջ: Հայաստանում 90-ական թվականների սկզբից երիտասարդական տարբեր կազմակերպություններ էին հիմնադրվել, որոնք հետագայում միավորվել էին Հայաստանի երիտասարդության ազգային խորհրդի մեջ: Դրանից հետո երիտասարդական շարժումը լճացում ապրեց, որովհետև դրանում ուղղակի քաղաքական միջամտություն եղավ: Իշխող ուժերն ուղղակի ազդեցություն ունեին երիտասարդական շարժման վրա և դա ակնհայտ երևում էր ուսանողական խորհուրդների պարագայում:

«Երիտասարդությունը, վերջապես, կարողացավ թոթափել այդ քաղաքական ճնշումները, վերջին զարգացումները ցույց տվեցին, որ երիտասարդությունը կազմակերպվեց և կարողացավ էական փոփոխությունների հասնել»,-ասաց Ատոմ Մխիթարյանը: Խոսելով երիտասարդության խնդիրներից՝ Ատոմ Մխիթարյանը նշեց, որ հարցումների համաձայն, առաջին տեղում գործազրկությունն է: Կա տեղեկատվության պակաս, և երիտասարդները չեն կարողանում հեշտությամբ կողմնորոշվել աշխատանքի շուկայում:

Ընդհանուր խնդիրներից բացի, մարզային երիտասարդությանն առնչվում են այլ խնդիրներ ևս: Մասնավորապես, ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը նշեց, որ գրեթե բոլոր մարզերում երիտասարդներին իրենց բնակավայրերում պահելու խնդիր կա:

«Ես շատ կարևորում եմ երիտասարդների ներգրավվածությունը տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքներում: Պետք է երիտասարդներին հնարավորություն տալ իրացնել իրենց կարողությունները տնտեսական, սոցիալական և այլ առումներով: Եթե դա չկա, ապա երիտասարդը հայացքը հառում է Երևանին: Կոտայքում ունենք 30-32 տարվա պաշտոնավարող համայնքապետեր, ավագանու կազմեր, որտեղ միջին տարիքը 50-ից 60-ի շրջանակում է, երիտասարդները որևէ հնարավորություն չեն ունեցել ներգրավվելու այդ համակարգում: Ես ամենևին չեմ նսեմացնում երկար տարիների աշխատանքի փորձ ունեցող մեր մասնագետներին, սակայն գտնում եմ, որ երիտասարդների ներգրավվածությունը պետք է ավելին լինի, քան եղել է»,-ասաց մարզպետը: Նա նշեց, որ լինելով երիտասարդ, իր շուրջն է համախմբում նաև երիտասարդ մասնագետներին:

Ռոմանոս Պետրոսյանը տեղեկացրեց, որ մարզպետին կից գործող երիտասարդական խորհրդի կազմավորման պայմաններն է փոխել, որպեսզի ավելի շատ քաղաքների երիտասարդներ ընդգրկվեն:  

«Մտադիր եմ օրենքով սահմանված կարգով, այդ խորհուրդը ծառայեցնել ՏԻՄ ղեկավարների վրա ճնշում գործադրելու ուղղակի գործիք, որպեսզի իրենց համայնքներում ավելի խորը բարեփոխումներ արվեն, ավելի ճիշտ կազմակերպվի աշխատանքը»,-ասաց նա:

Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ Ատոմ Մխիթարյանը տեղեկացրեց, որ օգոստոսի 12-ին Հանրապետության հրապարակում անցկացնելու են ֆլեշմոբ, որի ընթացքում Երիտասարդության միջազգային օրը մեծարվելու են օրվա հերոսները: Երիտասարդությանը որպես հավաքական կերպար շնորհվելու է «Մեր օրերի հերոս»-ի կոչում:

 

Լրահոս

Դիտել ավելին