Կարևոր իրադարձություններ

Եվգենի Պետրոսյանը շնորհակալություն է հայտնել ամուսնալուծական գործընթացի ֆոնին իրեն աջակցողներին

10 Օգոստոս, 2018 20:48
Եվգենի Պետրոսյանը շնորհակալություն է հայտնել ամուսնալուծական գործընթացի ֆոնին իրեն աջակցողներին

Ռուսաստանաբնակ հայտնի հումորիստ Եվգենի Պետրոսյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր աջակցում են իրեն՝ ավելի քան 30 տարվա կնոջից՝ երգիծաբան Ելենա Ստեպանենկոյի հետ ամուսնալուծական գործընթացի ֆոնին:

Այս մասին Պետրոսյանն ասել է «Վեստի»-ի եթերում՝ իրեն աջակցողներին անվանելով «ընկերներ»:

«Ցանկանում եմ սրտանց շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր աջակցում են ինձ»,-ասել է Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ Ստեպանենկոն, առաջին անգամ մեկնաբանելով ամուսնալուծվելու և համատեղ ունեցվածքը կիսելու տեղեկությունը, ընդգծել էր, որ «ինչպես դատարանը որոշի, այնպես էլ կլինի»:

Ստեպանենկոն նշել էր, որ հանգիստ է վերաբերվում ստեղծված իրավիճակին՝ նկատելով, որ «դա կենցաղային հարց է»:

«Յուրաքանչյուր մարդու կյանքում ինչ-որ բան պատահում է: Իմ ու Եվգենի Վահանիչի դեպքում տեղի ունեցավ ամուսնալուծություն, բայց դա կենցաղային հարց է:

 

Դե հիմա այդպես է պատահել: Ամեն ինչ կլինի դատարանի վճռով. ինչպես դատարանը որոշի, այդպես էլ կլինի»,- շեշտել է կինը:

Ինչ վերաբերում է Պետրոսյանին, ապա նա լրագրողների հետ զրույցում ասել է, որ Ստեպանենկոյի հետ լավ հարաբերությունների պահպանման հույս ունի:

Հիշեցնենք, որ Մոսկվայի Խամովնիչեսկի դատարանը կալանք է սահմանել Պետրոսյանի ու Ստեպանենկոյի անշարժ գույքի նկատմամբ: Խոսքն այն գույքի մասին է, որը նրանք պետք է կիսեն ամուսնալուծության գործընթացի շրջանակում:

Օգոստոսի 6-ին Խամովնիչեսկի դատարանում կայացել էր Պետրոսյանի ու Ստեպանենկոյի համատեղ ունեցվածքը կիսելու գործով առաջին դատական նիստը, որին նրանք ներկա չէին եղել:

Աստղային զույգի համատեղ անշարժ գույքը գնահատվել է մոտ 1 միլիարդ ռուբլի:

Հումորիստների շահերը պաշտպանողների խոսքերով՝ Պետրոսյանը պատրաստ է իրենց համատեղ հարստությունը հավասար կիսել, սակայն Ստեպանենկոյին դա չի բավարարում, ու նա հավակնում է դատարանի միջոցով ստանալ ունեցվածքի 80%-ը:

Պետրոսյանի փաստաբանը մանրամասնել է, որ զույգը, պաշտոնապես ամուսնալուծված չլինելով հանդերձ, վերջին 15 տարվա ընթացքում միասին չի ապրում և որ տվյալ մեկ միլիարդ ռուբլու անշարժ գույքը ձեռք է բերվել այն տարիներին, երբ նրանք այլևս միասին չէին:

Փաստաբանի խոսքով, երբ Պետրոսյանն իրեն դիմել է՝ խնդրել է Ստեպանենկոյի հարցում որևէ խորամանկ քայլի չդիմել, ամեն ինչ անել պարզ, որպեսզի իրենք հետագայում ստեղծագործական ոլորտում կարողանան միասին աշխատել:

«Մեր նպատակն է ամեն ինչ անել քաղաքակիրթ ձևով ու առանց աղմուկի, բայց Ստեպանենկոյի շրջապատում կան մարդիկ, որոնք վստահեցնում են, որ կարող են Պետրոսյանից ամեն ինչ խլել, և նա նրանց հավատում է»,-նշել է փաստաբանը:

Պետրոսյանն ու Ստեպանենկոն ամուսնացած են 30 տարի, ու այս ընթացքում նրանք ձեռք են բերել 5 բնակարան Մոսկվայի կենտրոնում, քառահարկ առանձնատուն, անտիկվար իրերի, մեքենաների հավաքածուներ ու այլ թանկարժեք իրեր:

Հիշեցնենք, որ ունեցվածքը կիսելու վերաբերյալ առաջին հայցը ներկայացվել էր Ստեպանենկոյի կողմից:

 

Լրահոս

Դիտել ավելին