ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիռկինի հետ։ Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալներ Հակոբ Ավագյանը և Ալբերտ Բաբայանը, ՀՀ ՏԶՆՆ Միջազգային համագործակցության վարչության պետ Արմեն Այվազյանը, այլ պատասխանատու անձինք։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Դեսպանն, իր հերթին, շնորհակալություն է հայտնել հանդիպման համար, համաձայնել, որ կան մի շարք ոլորտներ, որտեղ համագործակցության բարձր արդյունքներ են գրանցվել և ներկայում անհրաժեշտություն կա այլ ոլորտներում նույնպես համագործակցության ընդլայնման ուղիներ փնտրել։
Երկուստեք կարևորվել է առևտրային ներկայացուցիչների աշխատանքը։
Նախարար Մինասյանը տեղեկացրել է, որ վարչապետի հանձնարարությամբ նաև ակտիվացվելու է ՌԴ-ում ՀՀ առևտրային ներկայացուցչության աշխատանքը, քննարկվում են, Մոսկվայից բացի, Ռուսաստանի այլ խոշոր քաղաքներում ևս հայկական արտադրանքի մշտական ցուցադրություն ունենալու հնարավորությունները։
Հանդիպմանը անդրադարձ է եղել նաև ՓՄՁ-ների, ներմուծման և արտահանման, նորամուծությունների և բարձր տեխնոլոգիաների բնագավառում համագործակցության, ԵԱՏՄ շրջանակներում առևտրաշրջանառությանը վերաբերող և մի շարք այլ հարցերի։
Համաձայնություն է ձեռք բերվել ՀՀ-ում ՌԴ առևտրային ներկայացուցչի մասնակցությամբ առաջիկայում ևս մեկ հանդիպում կազմակերպելու համար՝ բարձրացված շատ հարցերի նպատակային և առարկայական լուծման համար։
Ավարտին կողմերը ևս մեկ անգամ հավաստել են համագործակցության ընդլայնման պատրաստակամությունը։