Կարևոր իրադարձություններ

Վարչապետն այցելեց «Տավուշ Տեքստիլ» ընկերություն. ձեռնարկությունը մասնագետների կարիք ունի

10 Օգոստոս, 2018 13:30
Վարչապետն  այցելեց «Տավուշ Տեքստիլ» ընկերություն. ձեռնարկությունը մասնագետների կարիք ունի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում այցելեց «Տավուշ Տեքստիլ» ընկերություն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, «Տավուշ Տեքստիլ» ՍՊԸ-ի հիմնադիր Սուրեն Երիցյանի ուղեկցությամբ վարչապետը շրջեց ընկերության տարածքում, ծանոթացավ արտադրական հնարավորություններին, անցած ուղուն, ձեռքբերումներին: Սուրեն Երիցյանը վարչապետի հետ զրույցում խոսեց որակյալ կադրերի խնդրի մասին՝ նշելով, որ մասնագետների կարիք ունեն: Նա նշեց, որ Բերդում գործող ուսումնարանի հետ պայմանավորվածություն է եղել հաստոցներ, նյութեր տրամադրել մասնագետներ պատրաստելու համար, որպեսզի հետագայում գործարանում աշխատեն, սակայն, կարծես, սայլը տեղից չի շարժվում: Սուրեն Երիցյանի բարձրացրած հարցին անդրադարձավ վարչապետը:

 

«Դա շատ կարևոր հարց է: Ուսումնարանները պետք է սկսեն աշխատել: Մեր կրթական համակարգի պրոբլեմը որն է, ուսանողն ավարտում է, տեղ չկա, որ աշխատի: Հիմա պետք է կրթական համակարգն այն տրամաբանության մեջ դնել, որ պրակտիկայի հետ կապված լինի»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

«Տավուշ Տեքստիլ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2015 թվականին գործարար Սուրեն Երիցյանի կողմից: Ներկայում ընկերությունն ունի արտադրություններ Չորաթան, Արծվաբերդ , Բերդ համայնքներում և սպասարկող արտադրամաս Մովսես համայնքում: «Տավուշ Տեքստիլ» ՍՊԸ-ն ունի շուրջ 1500 գործող հաստոց: 2018 թվականին արտադրվել է 23 238 991 զույգ բանվորական ձեռնոցներ, որից 19 329 662 զույգը՝ 1 253 047 281 դրամի չափով, իրացվել է Ռուսաստանի և Ուկրաինայի շուկաներում:

«Տավուշ Տեքստիլ» ՍՊԸ-ում աշխատում է շուրջ 520 աշխատակից Բերդ, Արծվաբերդ, Չորաթան, Մովսես, Տավուշ, Վերին Կարմիր աղբյուր, Նորաշեն համայնքներից՝ միջինը 135 հազար դրամ աշխատավարձով: Առաջիկայում պլանավորվում է ավելացնել հաստոցների քանակը ևս 600 հատով, որը կստեղծի ևս 150-200 աշխատատեղ:

 

Լրահոս

Դիտել ավելին