Կարևոր իրադարձություններ

Թուրքիայում Էրդողանին վիրավորելու համար ձերբակալվել է Ստամբուլի շրջաններից մեկի ղեկավարի թիկնապահը

09 Օգոստոս, 2018 23:09
Թուրքիայում Էրդողանին վիրավորելու համար ձերբակալվել է Ստամբուլի շրջաններից մեկի ղեկավարի թիկնապահը

Թուրքիայում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու համար ձերբակալվել է Ստամբուլի հայաշատ Շիշլի շրջանի ղեկավարի թիկնապահ Մեհմեդ Ալի Բաշքալեն, գրում է թուրքական diken.com.tr կայքը։

Նշվում է, որ անվտանգության աշխատակցի դեմ հետաքննություն է սկսված։ Պարզվում է՝ ձերբակալության պատճառ է դարձել Բաշքալեի կողմից Twitter սոցիալական կայքում իշխանություններին քննադատող հրապարակումը։

Թիկնապահի ձերբակալությանն արձագանքել է անձամբ Շիշլի շրջանի ղեկավար Հայրի Ինոնյուն՝ նշելով, որ քննադատությունը որպես նախագահին ուղղված վիրավորանք ընդունելը սխալ է։

Հիշեցնենք, որ անցյալ տարի Լրագրողների պաշտպանության միջազգային կոմիտեն (CPJ) Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին շնորհել է «ամենանեղացկոտ» առաջնորդի կոչումը։

Ըստ միջազգային կազմակերպության՝ Էրդողանը մամուլի ազատությունը սահմանափակող առաջնորդներից ամենանեղացկոտն է, նման ընտրության հիմք է ծառայել Թուրքիայում քրեական օրենսգրքի այն հոդվածը, որը պատիժ է նախատեսում երկրի նախագահին կամ «թրքությունը» վիրավորելու համար:


Հայտնի է, որ 2017 թվականին տվյալ հոդվածով Թուրքիայում քննվել է 46.193 դատական գործ:

 

Լրահոս

Դիտել ավելին