Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    482,5
    485,5

  • EUR

    554
    562

  • RUB

    7,28
    7,53

Կարևոր իրադարձություններ

Կառավարության նիստերի դահլիճը ճեպազրույցի սրահ չէ. վարչապետի խոսնակը՝ լրագրողներին նիստերի դահլիճ չթողնելու մասին

09 Օգոստոս, 2018 20:43
Կառավարության նիստերի դահլիճը ճեպազրույցի սրահ չէ. վարչապետի խոսնակը՝ լրագրողներին նիստերի դահլիճ չթողնելու մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Արման Եղոյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով անդրադարձել է այսօր Կառավարությունում լրագրողներին Կառավարության շենքի նիստերի դահլիճ մուտքն արգելելուն:

Արման Եղոյանը, մասնավորապես, գրել է.

«Կառավարության շենքն ունի հինգ հարկ, առաջին հարկում գտնվում է մամուլի կենտրոնը և այն նախասրահը, որտեղ սովորաբար նիստերի ավարտից հետո լրագրողները հարցազրույցներ են վերցնում պաշտոնյաներից: Հինգերորդ հարկում գտնվում է Կառավարության նիստերի դահլիճը: Նիստերը ուղիղ հեռարձակվում են ոչ միայն մամուլի կենտրոնում, այլ նաև արդեն համացանցում: Այսինքն՝ Կառավարության նիստերը ոչ միայն բաց են, այլև հասանելի են յուրաքանչյուր քաղաքացու համար ուղիղ ռեժիմով:

Լրագրողների (և ոչ օպերատորների կամ լուսանկարիչների) համար Կառավարության նիստերի դահլիճ մտնելու ցանկությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ նախկինում նիստերի ավարտից հետո ոչ բոլոր պաշտոնյաներն էին համաձայնում հարցազրույց տալ առաջին հարկի նախասրահում:

 

Կարծում եմ՝ կհամաձայնեք, որ ներկայում նման դեպքերը բացառիկ են: Անկախ ամեն ինչից կառավարության նիստերի դահլիճը ճեպազրույցի սրահ չէ, դրա համար նախասրահում կա հատուկ առանձնացված տարածք:

Պաշտոնյայի՝ հարցազրույց տալու պատրաստակամությունը կախված չէ նրանից, թե կառավարության շենքի ո՛ր հարկում է նա այդ պահին գտնվում: Իսկ ահա կառավարության շենքի անվտանգությունը ուղղակիորեն կապված է տվյալ պահին շենքում գտնվող մարդկանց քանակի և շարժի վերահսկելիության հետ: Լրագրողների աշխատանքային ռեժիմում որևէ բան չի փոխվել, ինչպես և նախկինում օպերատորներն ու լուսանկարիչները բարձրանում են նիստերի դահլիճ՝ տեսանյութ ստանալու, իսկ նիստի ավարտին պաշտոնյաները ճեպազրույց են ունենում լրագրողների հետ առաջին հարկի նախասրահում: Այդպես է եղել նախկինում, այդպես է նաև հիմա, այն տարբերությամբ, որ հիմա ճեպազրույցների քանակն ավելացել է, իսկ կառավարության նիստերն այլևս դռնփակ լինելու վտանգի տակ չեն: Եթե պարզվի, որ կան պաշտոնյաներ ովքեր օգտվելով կառավարության շենքի կառուցվածքից սիստեմաբար խուսափում են լրագրողների հետ ճեպազրույցներ ունենալուց, դա կլինի արդեն այլ խնդիր և դրան կանդրադառնանք առանձին ու լուծումը դժվար թե լինի կառավարության նիստերի դահլիճը ճեպազրույցների սրահի վերածելը:

Ես հասկանում եմ, որ լրատվական դաշտում նախկինում եղած ավանդույթները կարող են ժամանակ առ ժամանակ ռուդիմենտար մտավախությունների պատճառ դառնալ, բայց հորդորում եմ ամեն իրավիճակ գնահատել սառը, սթափ, անշտապ, իր ամբողջության մեջ, համադրելով առկա ամբողջ տեղեկատվությունն ու հայցելով նորը, եթե դրա կարիքը կա»։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան անվտանգության նկատառումներից ելնելով` լրագրողների մուտքը Կառավարության նիստերի դահլիճ արգելվել է։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին