Կարևոր իրադարձություններ

Լրագրողներն այսուհետև պաշտոնյաների հետ հարցազրույցներ չեն կարողանա իրականացնել Կառավարության նիստերի դահլիճին հարակից միջանցքում

09 Օգոստոս, 2018 14:59
Լրագրողներն այսուհետև պաշտոնյաների հետ հարցազրույցներ չեն կարողանա իրականացնել Կառավարության նիստերի դահլիճին հարակից միջանցքում

Կառավարության նիստերը լուսաբանող լրագրողներն այսուհետև հնարավորություն չեն ունենա նիստերի դահլիճին հարող միջանցքում անցկացնել հարցազրույցներ պաշտոնյաների հետ՝ անվտանգության նկատառումներից ելնելով։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ որոշումը կայացվել է շենքի անվտանգության ծառայության կողմից։ «Շենքի պահպանության ռեժիմն օրենքով չի որոշվում, դա որոշում է անվտանգության ծառայությունը։ Հատուկ քննարկումից հետո այդպիսի որոշում է կայացվել»,- ասաց Արման Եղոյանը։

Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչ է փոխվել նախորդ շաբաթվանից, երբ թույլատրվում էր այդ տարածք մուտք գործել, Արման Եղոյանը նշեց․ «Նախորդ շաբաթ բարձրանում էիք՝ շենքի անվտանգության ռեժիմը խախտելով»։

Որպես փոխզիջում՝ լրագրողներն առաջարկեցին կառավարության նիստին ներկա բոլոր պաշտոնյաների հետ, ովքեր այդ օրը հատուկ հետաքրքրություն կներկայացնեն, կազմակերպել հարցազրույցներ։ 

Օգոստոսի 9-ի նիստից հետո լրագրողները, ըստ պայմանավորվածության, հնարավորություն ունեցան զրուցելու Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հետ։

 

Լրահոս

Դիտել ավելին