Կարևոր իրադարձություններ

Սուրեն Պապիկյանն ու Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը քննարկել են ներդրումների հետ կապված հարցեր

08 Օգոստոս, 2018 20:35
Սուրեն Պապիկյանն ու Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը քննարկել են ներդրումների հետ կապված հարցեր

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մայա Դաղերին։ 

Ինչպես տեղեկացնում են նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ողջունելով դեսպանին՝ նախարար Սուրեն Պապիկյանը բարձր է գնահատել Հայաստանի և Լիբանանի միջև առկա համագործակցությունն ու դրանում լիբանանահայ համայնքի դերակատարումը և համոզմունք հայտնել, որ հայ-լիբանանյան պատմական բարեկամությունն ունի նոր հարթություններ թևակոխելու մեծ ներուժ։ 

Դեսպան Մայա Դաղերը շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար և նշել, որ երկու ժողովուրդների միջև հաստատված պատմական և ջերմ հարաբերություններն իրենց մեջ ամբարում են համագործակցության բազմաթիվ հեռանկարներ։ Դեսպանը բարձր է գնահատել օրինականության հաստատման և կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված ՀՀ կառավարության ջանքերը և ընդգծել, որ Հայաստանում ուրվագծվող փոփոխությունները դրական ազդակ են հանդիսանում լիբանանցի ներդրողների համար։ 

Սուրեն Պապիկյանն իր հերթին խիստ կարևոր է համարել փոխշահավետ ներդրումային նոր միջավայրի ձևավորմանն ուղղված ջանքերի գործադրումը։ Նախարարը վստահեցրել է, որ Հայաստանի կառավարությունը երաշխավորում է օտարերկյա ներդրողների պաշտպանվածությունը օրենքով։ 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկվել են նաև հայ-լիբանանյան ապակենտրոնացված համագործակցության, երկու երկրների վարչատարածքային միավորումների միջև կապերի խորացման, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում առկա ներուժի բացահայտմանն ու խոչընդոտների հաղթահարմանն ուղղված հարցեր։

 

Լրահոս

Դիտել ավելին