Կարևոր իրադարձություններ

Թուրքիան ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով չի հրաժարվի Իրանի հետ տնտեսական կապերից

08 Օգոստոս, 2018 16:10
Թուրքիան ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով չի հրաժարվի Իրանի հետ տնտեսական կապերից

ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերականգնումից հետո Թուրքիան մտադիր չէ հրաժարվել իսլամական հանրապետության հետ տնտեսական կապերից: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի եւ բնական ռեսուրսների նախարար Ֆաթիհ Դոմնեզը:

«Մենք կապեր ունենք Իրանի հետ, մեր հարաբերությունները շարունակվում են,- նշել է նա:- ԱՄՆ-ի որոշումը միակողմանի է, մենք օրենքներին չհակասող առեւտուր ենք անում Իրանի հետ »: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հայտարարել է, որ Վաշինգտոնը դուրս է գալիս միջուկային ծրագրի վերաբերյալ Իրանի հետ համաձայնագրից եւ վերականգնում է Իրանի դեմ բոլոր պատժամիջոցները, այդ թվում՝ պատժամիջոցներն այն երկրների նկատմամբ, որոնք բիզնես են վարում Իրանի հետ: Նա հավաստիացրել է, որ Վաշինգտոնը պատրաստ է նոր համաձայնագիր ստորագրել ԳՀՀԾ-ի փոխարեն, սակայն դրա հետ մեկտեղ ԱՄՆ-ը փաստորեն կանխապես անիրագործելի պայմաններ է առաջադրել Իրանին:

Ամերիկյան պատժամիջոցների առաջին մասը վերականգնվել է օգոստոսի 7-ի կեսգիշերից:

Դրանք վերաբերում են Իրանի ավտոմոբիլային սեկտորին, ինչպես նաեւ ոսկու եւ այլ մետաղների առեւտրին: Հակաիրանական պատժամիջոցների երկրորդ մասը պետք է ուժի մեջ մտնի նոյեմբերի 5-ին: Այդ սահմանափակիչ միջոցները կվերաբերեն Իրանի Էներգետիկական հատվածին, ածխաջրածնային հումքին առնչվող տրանզակցիաներին եւ Իրանի կենտրոնական բանկի հետ կապված տրանզակցիաներին: Իրանը եւ միջազգային բանակցորդների «վեցյակը» 2015 թվականի հուլիսի 14-ին համաձայնության են հասել իրանական բազմամյա միջուկային հիմնախնդրի կարգավորման շուրջ:

Երկարատեւ բանակցություններն ավարտվել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ընդունմամբ: Այդ ծրագիրը նախատեսում է ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցների վերացում: Փոխարենը Թեհրանը պարտավորվել է սահմանափակել իր միջուկային գործունեությունը՝ այն դնելով միջազգային հսկողության ներքո, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին