Կարևոր իրադարձություններ

12 ԱԳԼՃԿ-ի շահագործում կասեցվել է

08 Օգոստոս, 2018 15:11
12 ԱԳԼՃԿ-ի շահագործում կասեցվել է

Վերջին տարիներին հանրապետությունում ավելացել է գազով գործող ավտոմեքենաներում և ավտոգազալիցքավորման ճնշակայաններում (ԱԳԼՃԿ) տեղի ունեցած պայթյունների ու հրդեհների քանակը: Վերլուծությունը ցույց է տալիս, որ դրանք հիմնականում առաջանում են ԱԳԼՃԿ-ների շահագործման ժամանակ հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ-իրավական փաստաթղթերի պահանջների խախտման, ինչպես նաև հրդեհային անվտանգության կանոնների պահանջների անտեսման հետևանքով: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից:

Հրդեհների և տեխնածին վթարների կանխարգելման, հետևանքների վերացման, դրանց հետևանքով հասարակությանը և տնտեսությանը հասցվող վնասների ռիսկի նվազեցման, ինչպես նաև բնակչության և շրջակա միջավայրի պաշտպանության նպատակով, դեռևս հունիս ամսին ՀՀ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանի կողմից հանձնարարվեց մանրակրկիտ հետազոտություններ իրականացնել Երևան քաղաքում շահագործվող անխտիր բոլոր ԱԳԼՃԿ-ներում և հրդեհային ու տեխնիկական անվտանգության նորմատիվ-իրավական փաստաթղթերի պահանջների խախտումների դեպքում կասեցնել դրանց շահագործումը՝ անկախ պատկանելիությունից:

ՀՀ ԱԻՆ աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության աշխատակիցների կողմից հունիսին հրդեհատեխնիկական հետազոտություններ էին իրականացվել Երևան քաղաքի տարածքում շահագործվող թվով 23 ԱԳԼՃԿ-ներում, որոնց արդյունքներով օբյեկտների ղեկավարներին հանձնվել էին կարգադրագրեր՝ արձանագրված հակահրդեհային թերությունները սահմանված ժամկետներում վերացնելու համար: Ժամկետները լրանալուց հետո կատարվել է կրկնակի ստուգայց՝ պարզելու արդյոք թերությունները վերացված են, թե ոչ: Արդյունքում, թվով 12 ԱԳԼՃԿ-ների նկատմամբ կայացվել են որոշումներ՝ դրանց շահագործումն արգելելու վերաբերյալ: Դրանք են՝

1. «ԳԱՕՄ գրուպ» ԱԳԼՃԿ, Դավիթաշեն 3-րդ թաղ, 19/2

2. «Արտ Թամ»  ԱԳԼՃԿ, Արտաշատի խճ. 103/2

3. «Լիլ Սթար»  ԱԳԼՃԿ, Նորագավիթ 1-ին փ.

4. «Մուլտի գազ» ԱԳԼՃԿ, Գյուրջյան փողոցին հարող տարածք

5. Կելլի և Վիլիամս ՍՊԸ ԱԳԼՃԿ, Շիրազի փող. 43

6. Ռոբել ԱԱԿ ԱԳԼՃԿ, Լուկաշինի խճ. 5

7. Խճաքար-մուսա ՍՊԸ ԱԳԼՃԿ, Տիչինայի 140 

8. «Պոդո առաջին»  ԱԳԼՃԿ, Արին Բերդի 2-րդ նրբ.7/2

9. «Գուրգեն Դավթյան» ՍՊԸ ԱԳԼՃԿ, Նորք-Մարաշ տանող ավտոճանապարհ

10. «Քար գազ Սերվիս» ԱԳԼՃԿ, Սասնա Ծռեր 1/5

11. «Օկտան ԴՊ» ԱԳԼՃԿ, Գրիբոյեդով 48

12. «Ավտոստոպ» ՍՊԸ ԱԳԼՃԿ, Սասունցի Դավիթ փող. 87

Հարկ է նշել, որ շահագործումն դադարեցնելուց հետո նշված ԱԳԼՃԿ-ներից մի քանիսն արդեն իսկ իրականացրել են որոշակի աշխատանքներ հակահրդեհային թերությունները վերացնելու ուղղությամբ:

Նախարար Հրաչյա Ռոստոմյանի հանձնարարակով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն այսուհետ ևս խստորեն հետևելու է ԱԳԼՃԿ-ների կողմից «Հրդեհային անվտանգության մասին» և «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքների համաձայն հրդեհային և տեխնիկական անվտանգության պահանջների կատարմանը, ինչը թույլ կտա բացառել հրդեհների, տեխնածին վթարների առաջացման հնարավորությունը և խուսափել ծանր հետևանքներից: 

 

Լրահոս

Դիտել ավելին