Կարևոր իրադարձություններ

Առողջապահության նախարարը հանդիպել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանի հետ

08 Օգոստոս, 2018 14:03
Առողջապահության նախարարը հանդիպել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանի հետ

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթի հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, առողջապահության ոլորտում երկկողմ գործակցությունը ներկայումս ակտիվ չէ, ուստի կողմերը հույս են հայտնել, որ առաջիկայում հարաբերություններին նոր որակ կհաղորդվի:

Դեսպանը հետաքրքրվել է ՀՀ առողջապահության նախարարության առաջնահերթ ծրագրերով, քննարկվող տարբեր հարցերի շուրջ փոխանցել Մեծ Բրիտանիայի առողջապահական համակարգում կիրառվող մոտեցումները: Ջուդիթ Ֆարնուորթը պատրաստակամություն է հայտնել նաև աջակցել որոշ ծրագրերի առումով, մասնավորապես, ծխելու դեմ պայքարում իր երկրի հետ փորձի փոխանակմանը:

Արսեն Թորոսյանը ներկայացրել է ոլորտի ռազմավարական հիմնական ուղղությունները, ընդգծել առողջության առաջնային պահպանման օղակի հզորացումը, մի շարք հիվանդությունների կանխարգելման նպատակադրմամբ սքրինինգային ծրագրերի իրականացումը, սոցիալապես անապահով խավերի համար բուժօգնության մատչելիության ապահովման ուղղությամբ անհրաժեշտ քայլերի ձեռնարկումը: Նախարարը վստահություն է հայտնել, որ հաջորդ տարի բյուջետային հատկացումների ավելացումը կնպաստի ծրագրերի արդյունավետության բարձրացմանը:

Կողմերը պայմանավորվել են առավել առարկայական քննարկումների միջոցով հստակեցնել հետագա համատեղ քայլերը:

 

Լրահոս

Դիտել ավելին