Կարևոր իրադարձություններ

Խարդախությամբ հափշտակել է քաղաքացու համակարգիչը

08 Օգոստոս, 2018 12:25
Խարդախությամբ հափշտակել է քաղաքացու համակարգիչը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում` պարզելու խաբեությամբ համակարգիչ հափշտակելու դեպքի հանգամանքները:

 2018թ. հունիսի 18-ին քաղաքացուհուց հաղորդում է ստացվել առ այն, որ պայմանավորվածություն է ձեռք բերել որպես գնորդ ներկայացած անձի հետ՝ իր «Մսի 62 մ7 ՌԴ» տեսակի համակարգիչը վաճառելու հարցի շուրջ։ Հունիսի 15-ին՝ ժամը 17:40-ի սահմաններում, Հյուսիսային պողոտայում գործող խանութներից մեկում համակարգիչը վերցրել է մի տղամարդ, ով խոստացել է գումարը քիչ անց վճարել, սակայն չի վճարել և համակարգչի հետ հեռացել է:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, որով նախաքննությունն իրականացվում է Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում:

Նախաքննության ընթացքում ստացվել են խանութի անվտանգության տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները, ենթարկվել զննության: Տեսանյութի մեջ երևում է, թե ինչպես է մի տղամարդ խանութից վերցնում համակարգչի պայուսակը և հեռանում:

 

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված տղամարդուն հայտնաբերելու ուղղությամբ։

Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր որևէ տեղեկություն ունեն նրա գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Լրահոս

Դիտել ավելին