Կարևոր իրադարձություններ

ՌԴ ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնել Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների վերականգնման առնչությամբ

07 Օգոստոս, 2018 19:06
ՌԴ ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնել Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների վերականգնման առնչությամբ

Իրանական միջուկային ծրագրի հարցով Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիրը բավականաչափ ամուր է, դրա մասնակիցները կարող են հաղթահարել առաջացած բարդությունները: Այդ մասին ասված է Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների վերականգնման առնչությամբ ՌԴ ԱԳՆ-ի մեկնաբանությունում, հայտնում է ТАСС-ը:

Գերատեսչությունում նաև հաստատել են համաձայնագրին իրենց հանձնառությունը և նշել են, որ Ռուսաստանը կանի անհրաժեշտ ամեն ինչ իրանական միջուկային գործարքի պահպանման և լիարժեք իրականացման համար:

«Մենք ազգային մակարդակով ձեռնարկում ենք Իրանի հետ առևտրա-տնտեսական համագործակցության պաշտպանության համապատասխան քայլեր: Շարունակում ենք համաձայնագրի մյուս պատասխանատու մասնակիցների հետ համատեղ Իրանի հետ միջազգային առևտրային և ֆինանսական համագործակցության պահպանման և ընդլայնման խնդիրների իրականացմանն ուղղված հավաքական որոշումների մշակումը»,- նշել են ՌԴ ԱԳՆ-ում:


ՌԴ ԱԳՆ-ն նաև հայտնել է, որ հիասթափված է, որ Վաշինգտոնը քայլեր է ձեռնարկել պատժամիջոցները վերականգնելու ուղղությամբ:

Խորապես հիասթափված ենք Իրանի դեմ ազգային պատժամիջոցների վերականգնման հետ կապված ԱՄՆ-ի քայլերից: Ամերիկյան սահմանափակումների առաջին փաթեթի սահմանումն ուղղված է Համատեղ համապարփակ գործողությունների ծրագի իրականացման տապալմանը»,- ընդգծել են գերատեսչությունում:

Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգները վերականգնել է Իրանի դեմ պատժամիջոցների մի մասը:

Պատժամիջոցները վերաբերում են Իրանի կառավարության բարձրաստիճան անդամներին, ինչպես նաև իսլամական պետությունից մի շարք ապրանքների արտահանմանն ու ներկրմանը: Ամերիկյան պատժամիջոցներն արգելում են գրաֆիտի, ալյումինի, պողպատի, ածուխի, ծրագրային ապահովման ներկրումն Իրան: Դրանք նաև վերաբերում են Իրանի ավտոարդյունաբերությանը, իրանական գորգերի ու մթերքների ներկրմանն ԱՄՆ:

Պատժամիջոցները չեղարկվել էին 2015թ. Իրանի ու «միջնորդ վեցյակի» (ԱՄՆ, ՌԴ, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) միջև կնքված պատմական միջուկային համաձայնագրի արդյունքում: Սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընթացիկ տարվա մայիսին հայտարարել է միջուկային համաձայնագրից դուրս գալու ու Իրանի դեմ նախկին պատժամիջոցները վերականգնելու մասին:

 

Լրահոս

Դիտել ավելին