Կարևոր իրադարձություններ

«Երևանի հանրություն» նախաձեռնությունը գլխավորելու է Անահիտ Թարխանյանը

07 Օգոստոս, 2018 11:51
«Երևանի հանրություն» նախաձեռնությունը   գլխավորելու է Անահիտ Թարխանյանը

Հայաստանյան մի քանի ասոցիացաներ և հիմնադրամներ հիմնում են «Երևանի հանրություն» նախաձեռնությունը, որը նպատակ ունի Երևանի ավագանիում ներգրավել պրոֆեսիոնալների, և որպեսզի ապագա ավագանին համախմբի հանրությանը:

Այս մասին նրանք հայտարարություն ենք տարածել, որը ներկայացնում ենք ստորև:

«Երևանում տասնամյակների կուտակված խնդիրներին լուծում տալու և երևանցիների կյանքը՝ հարմարավետ, անվտանգ և երջանիկ դարձնելու համար պարտադիր ենք համարում մեր քաղաքի ավագանիում ներգրավել սրտացավ և բանիմաց, բարձր մասնագիտական հատկություններով և անբիծ հանրային հեղինակությամբ աչքի ընկնող հասարակական գործիչներին, քաղաքաշինության, տրանսպորտի, պատմամշակութային հուշարձանների պահպանության, մշակույթի, գիտության, կրթության, առողջապահության, երեխաների պաշտպանության, էկոբազմազանության և  բնապահպանության  ոլորտների ներկայացուցիչներին։

Մենք հիմնում ենք «Երևանի հանրություն» նախաձեռնությունը, որպեսզի ավագանու թեկնածուների ցուցակում ընդգրկվեն հասարակական կազմակերպությունների և մասնագիտական միավորումների կողմից առաջադրված անձինք, որ ապագա ավագանին համախմբի հանրությանը և երևանցիների կամքը դարձնի քաղաքի կառավարման հիմք։

Մեր նախաձեռնության ավագանու թեկնածուների ցուցակը գլխավորելու է ճարտարապետ Անահիտ Թարխանյանը, ում հանդեպ վստահությունը նրա հանրաճանաչ հասարակական և մասնագիտական գործունեության արդյունքն է։

Երևանում ժողովրդավար և հանրությանը հավատարիմ քաղաքային իշխանության ձևավորումը թավշյա հեղափոխության տրամաբանական շարունակությունն է»,-ասված է նախաձեռնության հիմնադիրների հայտարարության մեջ։

Հայտարարությանը միացել են՝

Ազգային Ավիաիցիոն Ասոցիացիա
«Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամ
Գիտության և առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամ (ԳԱՏԱՀ)

Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիա
Էկոլոգիական հասարակական միություն
«Խարիզմա» երիտասարդական հասարակական կազմակերպություն
Կանաչ շինարարություն

Հայաստանի դիջեյների ասոցիացիա
Հայաստանի ԴՕՍԱԱՖ համահայկական հասարակական կազմակերպություն

Հայաստանի ռադիոհեռարձակողների ասոցիացիա
Համատիրությունների զարգացման ասոցիացիա
Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա
Պատմական հուշարձանների ճարտարապետների հայկական ասոցիացիա:

 

Լրահոս

Դիտել ավելին