Կարևոր իրադարձություններ

«Независимая газета»-ն անդրադարձել է ԼՂ հակամարտությանը՝ բավականին յուրահատուկ վերլուծությամբ

07 Օգոստոս, 2018 11:12
«Независимая газета»-ն անդրադարձել է ԼՂ հակամարտությանը՝ բավականին յուրահատուկ վերլուծությամբ

1992-1996 թվականներին Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով Ռուսաստանի նախագահի նախկին լիազոր ներկայացուցիչ, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովն  գրում է, որ Հայաստանում ներքաղաքական իրավիճակն անդրադառնում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա:

«Ապրել անցյալո՞վ, թե՞ ապագայով»  հոդվածում «Независимая газета»-ում հրապարակված հոդվածում Վլադիմիր Կազիմիրովը պնդում է, որ պատահական չէ, որ Ադրբեջանը, օգտվելով Հայաստանում բարդ իրավիճակից, փորձում է մեղադրել Երևանին հանդիպումների և բանակցությունների տապալման և հետաձգման համար:

«Ոչ միայն ներքին իրավիճակը, այլև բանակցային գործընթացը պահանջում է երկրում բոլոր առանցքային ուժերի ջանքերի միացում: Ճիշտ չէ դրսից մի բան առաջարկել, առավել ևս՝ նման միամիտ բան, բայց չի՞ հասունացել արդյոք Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի շուտափույթ հանդիպման անհրաժեշտությունը՝ թեկուզ հակամարտության կարգավորման խնդիրների նկատմամբ միասնական մոտեցում մշակելու նպատակով:

Վստահ եմ, որ նրանցից ոչ մեկին թարգմանիչ չի պահանջվի, եթե խոսեն ապագայի լեզվով, այլ ոչ անցյալի, և մտածեն այն ԼՂ ճակատագրի մասին, որի պատճառով մեկ երրորդ դար առաջ առաջացավ հակամարտություն»,- նշել է Վլադիմիր Կազիմիրովը:

Նա նաև կարծիք է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու, վարչապետ Նիկոլ Փաշինյանի պահանջը՝ , համապատասխանում է այդ հակամարտության եռակողմ կոնֆիգուրացիային, առավել ևս որ 1990-ականների կեսին բանակցությունները տարվել են բոլոր երեք կողմերի միջև՝ Ղարաբաղի մասնակցությամբ: Կազիմիրովը  նաև հիշեցնում է, որ Ղարաբաղի հարցով 1994 և 1995 թվականների երկու համաձայնագրերը նույնպես ստորագրվել են հակամարտության բոլոր երեք կողմերի կողմից, իսկ պատերազմի տարիներին Ադրբեջանը ճակատում հարցերի առնչությամբ առաջինը կապ էր հաստատում հենց Լեռնային Ղարաբաղի հետ: Ավելին՝ անգամ 1994 թվականի մայիսի 9-ի հրադադարը նախ ստորագրվել է հենց Լեռնային Ղարաբաղի հետ, և միայն հետո է իր՝ Կազիմիրովի խնդրանքով միացել Հայաստանը:

«Այս հակամարտության երեք կողմերից յուրաքանչյուրում առողջ ուժերի համախմբումը բխում է տարածաշրջանում խաղաղության և կայունության շահերից»,-ասել  է նա:

Վերլուծության սկզբնաղբյուրը կարող եք ընթերցել այստեղ՝ Жить прошлым или будущим?

 
 

Լրահոս

Դիտել ավելին