Կարևոր իրադարձություններ

ՏՄՊՊՀ հայտարարել է, որ գնաճի վերաբերյալ հայտարարությունները ապատեղեկատվություն են, գերիշխող ապրանքային շուկաներում գները կայուն են

07 Օգոստոս, 2018 11:02
ՏՄՊՊՀ հայտարարել է, որ գնաճի վերաբերյալ հայտարարությունները ապատեղեկատվություն են, գերիշխող ապրանքային շուկաներում գները կայուն են

 ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը մշտապես վերահսկողություն և գնային մոնիթորինգ է իրականացնում գերիշխող ապրանքային շուկաներում՝ գների փոփոխության հիմնավորվածության, ինչպես նաև հնարավոր մրցակցային խնդիրների հայտնաբերման և կանխարգելման նպատակով: 

Այս մասին հայտնում են ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից։ 

 Հանձնաժողովի կողմից այսօր կատարված դիտանցման արդյունքներով, գերիշխող ապրանքային շուկաներում գները հիմնականում կայուն են, իսկ ինչպես և հայտարարվել էր մի քանի օր առաջ,  որոշ շուկաներում, պայմանավորված մի շարք օբյեկտիվ գործոններով  արձանագրվել է գնի նվազում  (շաքարավազ, հնդկաձավար, ոսպ, ձու,  կաթնամթերքի որոշ տեսակներ և այլն):    

ՏՄՊՊՀ մոնիթորինգը փաստում է, որ սոցիալական կարևորության հիմնական ապրանքային շուկաներում գնային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել:  Մասնավորապես խոսքը վերաբերում է ձեթի, կարագի, կաթնամթերքի, մակարոնեղենի, ձկան, հավի մսի և այլ շուկաներին:    Գնային բարձրացում չի արձանագրվել նաև ալյուրի շուկայում:  Բարձրակարգ ալյուրի 1 կիլոգրամը վաճառվում է 202 դրամով:   

Վերոնշյալը հիմք է տալիս պնդելու, որ գնաճի վերաբերյալ հայտարարությունները ապատեղեկատվություն են: 

Հարկ ենք համարում նաև նշել, որ քաղաքացիների դժգոհությունները, ըստ մամուլի հրապարակումների, կապված են հիմնականում սեզոնային մրգերի և բանջարեղենների թանկացման հետ:  Ինչպես արդեն նշեցինք, ՀՀ Մրցակցային մարմինը, օրենքի պահանջին համապատասխան վերահսկողություն է իրականացնում բացառապես գերիշխող ապրանքային շուկաներում, ինչն այս պարագայում առկա չէ:  Գյուղատնտեսական մթերքների շուկայում գործունեություն են իրականացնում հարյուրավոր փոքր և միջին մասնավոր ընկերություններ, անհատներ, ֆերմերային տնտեսություններ և որևէ տնտեսվարող չի համապատասխանում գերիշխող համարվելու համար օրենքով  սահմանված չափորոշիչներին:  Դրանք մրցակցային շուկաներ են, որտեղ գները կարգավորվում են շուկայական մեխանիզմներին համապատասխան։ 

Այնուամենայնիվ, նկատի ունենալով խնդրի սոցիալական նշանակությունը և  գյուղմթերքների գների բարձրացման հետ կապված սպառողների մտահոգությունը, ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը դիմել է ոլորտի պետական լիազոր մարմին՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը:  Լիազոր մարմնի պարզաբանմամբ, խնդիրը պայմանավորված է օբյեկտիվ պատճառներով, մասնավորապես գյուղատնտեսության համար անբարենպաստ շոգ եղանակային պայմաններով: 

Հանձնաժողովը շարունակում է ամենօրյա դիտանցումները սոցիալական նշանակության խոշոր ապրանքային շուկաներում և չարաշահման փաստեր հայտնաբերելու դեպքում կկիրառի օրենքով նախատեսված համապատասխան միջոցներ:  

 

Լրահոս

Դիտել ավելին